Տիգրան Դավթյանը հանդիպել է Հայաստանում ներկայացված միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 10:53
Փետրվարի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հանդիպումը Հայաստանում ներկայացված միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Հանդիպման նպատակն էր քննարկել դոնոր կազմակերպությունների մասնակցության և աջակցության հնարավորությունը ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման աշխատանքներին:
Հանդիպմանը ներկա էին ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար դեսպան Ժան Քրիստոֆ Գերանդը, Հայաստանում ԵՄ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի, ՎԶԵԲ-ի, ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացման հետագա քայլերը: Նա ներկաներին տեղեկացրեց նաև, որ ռազմավարությամբ նախանշված արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներից 3 ոլորտների` ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության համար արդեն իսկ մշակվել են ոլորտային ռազմավարություններ: Աշխատանքներ են տարվում մյուս 8 ոլորտների ռազմավարությունների և դրանց իրականացումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ:
Մասնակիցների կողմից կարևորվեց նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը, որը հնարավորություն կստեղծի ռազմավարության առավել համակարգված և արդյունավետ իրականացմանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առ այն, որ դոնոր կազմակերպությունների կողմից կներկայացվեն առաջարկություններ ռազմավարության իրականացման հնարավոր աջակցության վերաբերյալ, որոնք կքննարկվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայանալիք դոնոր կազմակերպությունների հետ հաջորդ հանդիպմանը:






Facebook
Tweet This
Email This Post
