2012-ը` բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2012 10:47

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կարևորելով բուժքրոջ աշխատանքի դերը առողջապահության բնագավառում` 2012 թվականը հայտարարել է բուժքրոջ աշխատանքի որակի բարելավման տարի:

Վերջին տարիներին մեծ բարեփոխումներ են կատարվել առողջապահության բոլոր բնագավառներում, այդ թվում նաև հեռավոր մարզերի բուժօգնության օղակներում: Դրանցում բարելավվել են շենքային պայմանները, բնակչությանը հասանելի են դարձել ժամանակակից բուժախտորոշիչ միջոցները: Ստեղծված նոր պայմանները նոր պահանջներ են թելադրում: Ուստի, հրամայական պահանջ է դարձել բուժաշխատողների և հատկապես բուժքույրական աշխատանքի համապատասխանեցումը նոր պահանջներին:

ԱՆ արմատական բարեփոխումների թվին է պատկանում նաև բոլորովին վերջերս` 2012թ. հունվարի մեկից ԱՆ ենթակայությամբ Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոնի (ՆՀԻ ԳԳԿ) ստեղծումը: Վերջինիս նպատակը ինֆեկցիոն անվտանգության ապահովման միջոցով բուժօգնության որակի բարձրացումն է: Այն իր գործունեությամբ և շոշափող խնդիրների  ծավալների առումով նորույթ է նաև տարածաշրջանում: ՆՀԻ ԳԳԿ-ի գործունեության նպատակներից մեկը ինֆեկցիոն անվտանգության հարցերի վերաբերյալ տարբեր մասնագիտության բուժաշխատողների, այդ թվում նաև բուժքույրերի համար համակարգված կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումն է:

Նորաստեղծ գիտագործնական կենտրոնի առաջին աշխատանքային հանդիպումը կայացել է ՀՀ բուժքույրերի հասարակական կազմակերպության անդամների հետ 2012 թվականի հունվարի 25-ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում: Հանդիպմանը ներկա էին Երևանի և հանրապետության բոլոր մարզերի բուժհիմնարկների շուրջ երկու հարյուր բուժքույրական գործի կազմակերպիչներ:

Հանդիպման ժամանակ ՆՀԻ ԳԳԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Սարգսյանը նշել է, որ բուժքույրը այլ բուժաշխատողների հետ միասին հավասարապես կրում է բուժօգնության որակի ապահովման պատասխանատվությունը:

«Բուժաշխատողի աշխատանքը իր տեսակի մեջ բացառիկ է: Հաջողության բանալին սիրելու կարողության մեջ է: Ձգտիր հետևողականորեն». սրանք են աշխատանքի որակի բարձրացման գրավականը:

Միչիգանի համալսարանի պատվավոր դոկտոր-պրոֆեսոր, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր անդամ, բազմաթիվ պաատվո պարգևների ասպետ Ավետիս Տոնապետյանը որակը սահմանել է որպես սեր` շեշտելով որակի ապահովման բաղկացուցիչները` համակարգի ձևավորում և միջոցներ, աշխատանքի հսկում և կարգավորում:

Որակի հսկումը նա բնութագրել է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց չենք կարողանա իմանալ,  թե որտեղ ենք և ուր ենք գնում:

«Յուրաքանչյուր բժշկական կենտրոն պետք է բարձր որակ ապահովող քայեր ձեռնարկի` ծրագիր կազմի և խոսքից անցնի գործնական քայլերի` կատարելով բուժհիմնարկի արմատական ավանդույթների փոփոխություն». նշել է Անահիտ Սարգսյանը: Եվ, որպեսզի այդ ավանդույթը արդյունավետ լինի, առողջապահության որակ հասկացության մասին պետք է լինի ընդհանուր համաձայնություն:

Բուժքույրը պետք է կարողանա պահպանել իր մասնագիտության վարկը, հեղինակությունը, նվաճի հիվանդի վստահությունը` թե’ իր արտաքին տեսքով, թե’ վարվեցողությամբ, թե’ մասնագիտական պատրաստվածությամբ:

 

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply