«Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրինագիծը ԱԺ հանձնաժողովի ուշադրությանն է արժանացել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2012 18:08

Փետրվարի 1-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի օրինագծերի մեծ մասի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

Քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Անահիտ Բախշյանը:  Ըստ  հիմնավորման` առաջարկվող լրացումը հնարավորություն կընձեռի մի շարք կրթական կազմակերպությունների առավել ակտիվ ներգրավվել հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի եւ օլիմպիադաների իրագործմանը:

Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Լիլիթ Գալստյանի եւ ՀՀ կառավարության համատեղ մշակած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրինագիծը, որը կարգավորում է գրադարանների ստեղծման, գործունեության կազմակերպման եւ ֆինանսավորման հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է գրադարանների տեսակները, գործառույթները, գրադարանային հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության եւ հանրային գրադարանի հավատարմագրման կարգը, գրադարանների եւ գրադարաններից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները եւ ապահովում  գրադարանային գործի զարգացման իրավական հիմքերը: Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Օրինագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը դրական էր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական ծառայողի հիմնական աշխատավարձը ՀՀ օրենքով սահմանած նվազագույն աշխատավարձին հավասարեցնելու անհրաժեշտությամբ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ նման խնդիր կա նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում եւ առաջարկեց հեղինակներին համապատասխան օրենքում եւս փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել` օրենքի նախագիծը համալրելով եւս մեկ օրինագծով:

Դավիթ Հարությունյանը քննարկման ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» իր, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած օրենսդրական փաթեթը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում են պատգամավորի վարքագծի կանոնները, պատգամավորի շահերի բախումը ծագելու դեպքերը, պատգամավորի կողմից իր եւ (կամ) իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն առնչվող դրույթները, ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին հակասող գործունեության դադարեցման կարգը, Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման կարգը` ապահովելով էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածությունը, էթիկայի հանձնաժողովի իրավասությունները, էթիկայի հանձնաժողովին դիմելու եւ դիմումների քննարկման կարգը, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջը խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը: Կանոնակարգվում են նաեւ ՀՀ կառավարության կողից անհետաձգելի համարվող օրենքների նախագծերի քննարկման ընթացակարգը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի հետաձգման կարգը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագծերի գրանցման կարգը, ինչպես նաեւ շտկվում են օրենքում արձանագրված մի շարք բացթողումներ եւ հակասություններ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ հստակեցվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա օրենքի գործողությունը տարածելու հարցը` սահմանելով, որ օրենքի գործողությունը տարածվում է միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ կառավարությունը, ողջունելով օրենսդրական նախաձեռնությունը, մի շարք սկզբունքային առարկություններ ունի: Պարոն Մուրադյանը հայտնեց, որ կառավարությունը օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Ամփոփիչ ելույթում Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական փաթեթը կլրամշակվի:

ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Գալուստ Սահակյանի հեղինակած «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: Կարինե Աճեմյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի, յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը այսուհետ մեկ ժամով առաջ չի տրվի, անցում չի կատարվի ամառային ժամանակի: Հեղինակի գնահատմամբ` օրենսդրական փոփոխությունը դրականորեն կանդրադառնա, մասնավորապես,  մարդկանց առողջության վրա:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված հարցերը կընդգրկվեն ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

Մինչեւ 15, 30, 60 եւ 90 օրերով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ: Հեղինակի առաջարկով մինչեւ 15 օրով հետաձգվեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հանձնաժողովը քննարկեց ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների` 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին առաջարկը:  Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկությունը քննարկվել է ՀՀԿ խմբակցությունում, իրենք եւս հակված են կազմակերպելու այդ լսումները: Նա նշեց, որ հարցը քննարկվել է նաեւ ԱԺ նախագահի հետ: Պարոն Հարությունյանը ներկայացրեց լսումների աշխատակարգը:  Խորհրդարանական լսումները  տեղի կունենան փետրվարի 15-ին` ժամը 11.00-ին:

Հանձնաժողովը որոշեց  նիստը շարունակել ուրբաթ օրը` ժամը 11.00-ին:

 

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply