Նոր փաստաթուղթը վատ բան չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2012 14:52

 

Իշխանական կոալիցիայի անդամների հարաբերություններում նոր փաստաթղթերի առաջ գալը իր մեջ ոչ մի բացասական երևույթ չի կրում: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանեց, որ եթե կոալիցիոն գործընկերների միջև նոր փաստաթուղթ ստորագրելու կարիքը լինի, դա ոչ մի արտառոց բան չի նշանակում:

“Կարծում եմ, որ այդպիսի փաստաթղթի կարիքն այս պահին չի լինի, բայց եթե դրա կարիքը լինի, և կոալիցիայի մեջ մտնող երեք քաղաքական ուժերն էլ հարմար գտնեն ստորագրելու, ինչո՞ւ ոչ, թո’ղ լինի: Որն ըստ էության, պետք է ուղղված լինի մեկ բանի` մեր երկրի զարգացման, կայունության և ընդհանրապես, նման նպատակների: Իսկ նման նպատակների համար որևէ փաստաթղթի ստորագրումը դատապարտելի չէ”,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Իսկ թե ինչու է պարբերաբար փաստաթղթեր ստորագրելու կարիքը լինում, ԲՀԿ-ական պատգամավորը պարզաբանեց, որ քաղաքական այս ուժերը` հատկապես ՀՀկ-ն և ԲՀԿ-ն, հզոր ուժեր են, և նույնիսկ մի ընտանիքի ներսում լինում են տարբեր դեբատներ ու քննարկումներ, ինչպե՞ս կարող է երկրի ներսում չլինել:

“Որպեսզի տեսակետները, դիտակետերը հստակեցվեն, ճշտվեն, բնականաբար, այդ մակարդակներում խոսում են փաստաթղթերով: Ես կարծում եմ, որ այս փաստաթղթերի առկայությունը կամ դրանց հնարավորությունը եթե պարբերաբար են, դրա մեջ ես վատ բան չեմ տեսնում, հասկանում եմ, որ հետապնդում են մեկ առողջ նպատակ` մեր երկրի զարգացում ու կայունության ապահովումը”,- նշեց պատգամավորը:

Նա բազմաթիվ փաստաթղթերի ստորագրումը չվերագրեց կոալիցիոն գործընկերների միջև վստահության դեֆիցիտին, որը, նրա խոսքերով` ընդհանրապես գոյություն չունի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Երկուսն էլ ունեն մեկ ուղղակի նպատակ, այն է` “մեր երկիրը տեսնել Բարգավաճ, լավը”:

 

 

Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply