Նիկոյանը մերժեց լրագրողների խնդրանք-պահանջը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 1, 2012 14:07

Քիչ առաջ ավարտվել է լրագրողների հանդիպումը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ։ Վերջինս չի բավարարել լրագրողների ՝ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության արդեն նախկին պետ Գոհար Պողոսյանին իր պաշտոնին հետ վերադարձնելու կամ առնվազն նույն վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակելու խնդրանք-պահանջը։ Հիշեցնենք, որ վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Գոհար Պողոսյանը նշանակվել էր վարչության պետ։

Հիշեցնենք, որ Նիկոյանը Պողոսյանին աշխատանքից ազատել է հունվարի 30-ին։

Նիկոյանը լրագրողներին հայտնել է, որ Պողոսյանը կեղծ բժշկական փաստաթուղթ է ներկայացրել, ուստի ինքը, հիմք ընդունելով պետծառայողի մասին օրենքը, չի կարող կոծկել այդ կեղծիքը։

Լրագրողների այն դիտարկմանն ի պատասխան, թե պատգամավորները ԱԺ նիստերից բացակայելուց հետո ամեն անգամ կեղծ բժշկական տեղեկանք են ներկայացնում, ինչը չգիտես ինչու ուշադրության չի արժանանում ԱԺ ղեկավարի կողմից, Նիկոյանն ասաց, որ պատգամավորների վարքը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, իսկ տվյալ դեպքում գործ ունենք պետական ծառայողի մասին օրենքի հետ, որը կարգապահության բարձր երաշխիքներ է ապահովում։

Այնուամենայնիվ, Նիկոյանը լրագրողներին խոստացավ 1-2 ամիս անց հանդիպել Գոհար Պետրոսյանի հետ և քննարկել նրա՝ ԱԺ–ում հետագա ներկայացվածության հարցը, բայց «ո՛չ վարչության պետի, ո՛չ էլ՝ տեղակալի պաշտոնին»։

Ի դեպ, ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի՝ լրագրողների կողմից նախաձեռնած ստորագրահավաքին այսօր միացել է ևս 5 լրագրող։ Հայտարարության տակ ստորագրած լրագրողների թիվն, այդպիսով, հասել է 70-ի։

lurer.com

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply