Մերոնց մրցելույթները գնահատելով անբավարար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 31, 2012 14:38

Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցան ձմեռային օլիմպիական պատանեկան առաջին խաղերը: Այդ մարզահանդեսին մասնակցեցին Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Նրանց մրցելույթների և ընդհանրապես ձմեռային մարզաձևերի շուրջ զրուցեցինք  ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

–  Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի պատվիրակների մրցելույթները:

– Միանշանակ` անբավարար: Մեր երեք մարզիկներն էլ ձախողվեցին և դա

անակնկալ չէր:

–  Կարելի  է ենթադրել,որ դուք գիտեիք մերոնց թույլ պատրաստականության մասին և նրանց գործուղել  եք մրցավայր:  Ո՞ր կազմակերպությանը կամ ու՞մ մեղադրել անհաջողության համար:

–   Դուք դե՞մ եք,որ դահուկորդների ենք ուղարկել մրցումների:Իսկ ես ափսոսում եմ,որ ընդամենը երեք մարզիկ է ներկայացրել մեր երկիրը: Կուզեի,որ խաղերի ծրագրում ընդգրկված բոլոր մարզաձևերի մրցաշարերում ունենայինք ներկայացուցիչներ: Մեր նպատակն է առաջին հերթին  համալիր մրցումների ուղարկել  պատանիներին ,որպեսզի նրանք հարստացնեն իրենց մրցափորձը,տեղյակ լինեն մարզական անցուդարձին:Ավելին ասեմ, մերոնք առաջին անգամ նստեցին ինքնաթիռ:

Հարցնում եք մեղավորի մասին:Թյուր կարծիք կա,թե ընդհանրապես  օլիմպիական խաղերի արդյունքների համար պատասխանատու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:Միանգամից ասեմ,որ մեր համակարգում չունենք  համապատասխան մարզադպրոց:Իսկ հայրենական սպորտին կառավարության հատկացրած գումարը տնօրինում է ոչ թե սպորտի նախարարությունը, ինչպես եղել է նախկինում,այլ մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաները:Նրանք են կազմում մարզական միջոցառումների տարեկան  օրացույցը,պլանավորում  ուսումնամարզական հավաքները,մրցումները,կազմում թիմերը և այլն:Բայց հանդերձավորման  և օլիմպիական մրցուղերթների հետ կապված բոլոր հարցերին լուծում է տալիս ՀԱՕԿ-ը,որը ՄՕԿ-ի անդամ է ու պարտավոր է նրա հովանու ներքո անցկացվող միջոցառումներին արձագանքել:

–  Կուզեինք լսել ձեր խոսքը ձմեռային մարզաձևերի շուրջ  մարզերում տարվող աշխատանքների մասին:

–   Մեկ ամսից ձմեռը կվերջանա,իսկ մեզանում  հատուկենտ միջոցառումներ են տեղի ունեցել:Մինչդեռ երկրի շատ մարզերում,ասենք, Շիրակում, Գեղարքունիքում,Սյունիքում,Արագածոտնում,Կոտայքում կան բնակավայրեր և  տեղանքներ,որտեղ կարելի է սահել ու մրցել    նույնիսկ մինչև հունիս ամիսը: Խոսեմ փաստերով: Տարիներ շարունակ,մայիսի 28-ին,  Արագած լեռան լանջերին  դահուկորդների մրցումներով է նշանավորվել  ձմեռային մրցաշրջանի փակումը: Կամ ` ԽՍՀՄ օրոք,այսպես ասած լճացման տասնամյակների ընթացքում, Հայաստանի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների ծրագրերում  տեղ են  գտել  ձմեռային մարզաձևերի դասաժամերը: Հիմա նույնիսկ հանրակրթական դպրոցներում դահուկներ չկան և ոչ-ոք այս առումով չի անհանգստանում:Էլ չեմ ասում նախկինում անցկացվող դպրոցակաների  ձմեռային ամենամյա սպարտակիադաների,միջշրջանային,համաքաղաքային ու հանրապետական  մրցումների մասին:Այսքանով հանդերձ համամիութենական մրցումներում Հայաստանի դահուկորդները հաջողության չեն հասել: Այսօր ,երբ ընդհանուր վիճակը բարդացել է, մեր ցանկությունն է ամեն ջանք գործադրել մարզաձևերը չմեռցնելու,նրանց գոյությունը պահպանելու համար, մինչև լավ օրերի գալը:Կարծում եմ այս հարցով պետք է անհանգստանան նաև ԿԳ նախարարության ,մարզպետարանների,քաղաքապետարանների, տարածքային կառավարման մյուս կազմակերպությունների պատասխանատուները:

Ամեն բանից անկախ ՀԱՕԿ-ը  մշտապես  աջակցել է հայրենական  սպորտին  և կշարունակի այդ գործընթացը:

 

 

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

 

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply