Արթուր Գրիգորյան. «Մուտքը մանկատուն դժվարացնելու ենք, ելքը մանկատնից` հեշտացնելու»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2012 15:00

2012-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատելու է հիմնական երեք գերակա ուղղություններով. Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ենթակառուցվածքների ստեղծում, ինտեգրված սոցիալական ծառայությունների համար իրավական տեխնիկատնտեսական մեխանիզմների ստեղծում և երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` ներկայացնելով նախարարության 2012-ի անելիքները:

2011-ին ստեղծվել է էլեկտրոնային կենսաթոշակային համակարգը: Միասնական տեղեկատվական շտեմարանը կիրառության մեջ կդրվի 2012-ին` հուլիսից հետո:

Նախարարը նշում է, որ նախկինում 51 տարածքային կենտրոններում գործում էին առանձին տեղեկատվական բազաներ, մինչդեռ հիմա ամեն ինչ վերահսկվելու է մեկ կենտրոնից, ինչը հնարավորություն կտա բացառել անճշտություններն ու խախտումները: Գրիգորյանը նշում է, որ ՔԿԱԳ-ների և սահմանային անցակետերի ինֆորմացիոն բազայում կատարված փոփոխությունները  օպերատիվ կերպով առցանց կստանան, ինչի շնորհիվ թոշակառուների ցուցակներում չեն ընդգրկվի մահացած կամ երկրից բացակայող անձանց անունները:

Ցուցակների վերստուգման արդյունքում գրանցված թոշակառուների թիվը 520 գազարից դարձել է 509 հազար:

Իսկ երկրից բացակայող քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կվերականգնվի երկիր վերադառնալուց հետ: Ըստ նախարարի` նույնքան օպերատիվ, որքան մեկնման դեպքում կենսաթոշակի վճարման դադարեցումը:

Անցած տարի մշակվել են նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ օրենքները:Այս տարվանից գործելու է մեկ պատուհանի սկզբունքը, երբ սոցիալական որևէ խնդիր ունեցող քաղաքացին մեկ վայրից կստանա իր բոլոր հարցերի պատասխանները: Մինչև տարեվերջ հանրապետությունում կբացվեն 15 ինտեգրված սոցիալական ծառայություններ մատուցող կենտրոններ:  Գրիգորյանը նշում է, որ ձևավորվում է նաև սոցիալական աշխատողի ինստիտուտը:

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շարունակվելու են 2011-ին սկսած գործընթացները: Նախորդ տարի ուսումնասիրվել է գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում ապրող երեխաների սոցիալական և ընտանեկան վիճակը: Ուսումասիրություններով պարզվել է, որ որոշ երեխաների` իրենց ընտանիքներ վերադարձնելու հնարավորություն կա:

Անցած տարի Զատիկ մանկատունը վերակազմավորվել է  երեխաների ցերեկային աջակցության կենտրոնի: Այստեղ անօթևան երեխաներ 3 ամսով ապաստան կգտնեն, այդ ընթացքում սոցիալական աշխատողները կաշխատեն երեխայի ընտանիքի հետ ու կնախապատրաստեն նրա վերադարձը ընտանիք:

Գրիգորյանը նշում է, որ առաջիկայում նման ծրագրեր նախատեսվում է իրականացնել նաև այլ մանկատներում: Հեշտացվելու է նաև երեխաների որդեգրման կարգը:

«Մուտքը  մանկատուն դժվարացնելու ենք, ելքը մանկատնից` հեշտացնելու»,- ասում է Գրիգորյանը:

Անցած տարեվերջին ընդունվել է նաև հայեցակարգ, ըստ որի փոխվելու է հաշմանդամության տրամադրման կարգը: Փոփոխությունները, սակայն, ուժի մեջ կմտնեն 2013-ից:

Նախարարը նշում է, որ ըստ հայեցակարգի հաշմանդամ կճանաչվեն միայն այն մադրիկ, ովքեր աշխատունակության որոշակի տոկոսի կուրուստ ունեն: Հաշմանդամ մարդկանց էլ ոչ թե պետական նպաստ է վճարվելու, այլ աջակցություն է հատկացվելու ըստ անաշխատունակության տոկոսի: Բացի այդ, այդ մարդկանց  օգնելու են նաև աշխատանք գտնելու հարցում:

Նախարարը նշում է, որ գործազրկության պայմաններում,  երբ անգամ լրիվ առողջ մարդիկ դժվարանում են աշխատանք գտնել, հաշմանդամ մարդկանց աշխատանքով ապահովելու հարցը բարդ կլինի, սակայն խնդրին կտան օրենսդրական լուծում. «Սոցիալական խնդիրները շատ են և չպետք է այդ ամենը թողնել պետության ուսերին, մասնավոր հատվածն իր աջակցությունը պետք է բերի այդ խնդիրների լուծմանը»:

 

 

Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply