Նախագահականում ավարտվել է կոալիցիայի նիստը. Սարգսյան-Ծառուկյան առանձին հանդիպում չի եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2012 11:08

Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան առանձին հանդիպում չի եղել, սակայն քիչ առաջ նախագահական նստավայրում եղել է կոալիցիայի ընդլայնված նիստ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` կոալիցիայի նիստի ժամանակ քննակվել են ներքաղաքական հարցեր: Շարմազանովը չմանրամասնեց, թե հատկապես ինչ հարցեր են քննարկվել` նշելով. «Ինչքան ընտրությունները մոտենան, այնքան կոալիցիայի հանդիպումները կհաճախակիանան: Կարծում եմ, այդտեղ զարմանալու ոչինչ չկա»:

Նշենք, որ այս օրերին մամուլում համառ տեղեկություններ են պտտվում կոալիցիայի համատեղ նիստերի` հաճախակի դառնալու, ինչպես նաև Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան առանձին հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ այսօր Tert.am-ին տված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը չէր հերքել այն տեղեկությունը, որ այսօր կամ մոտակա օրերին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի կունենանա կոալիցիայի նիստ՝ առանց, սակայն, կոնկրետ օր նշելու։ «Չեմ կարող ասել, այսօր՞, թե՞… կոնկրետ օր որոշված չէ»,- ասել էր Վարդանյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ մեզ հետ զրույցում ոչ հերքելով, ոչ հաստատելով նման նիստի հնարավորությունն՝ ասել էր, որ տեղյակ չէ:

Այսօր կայացած կոալիցիայի նիստը տեղի է ունեցել նույն կազմով, ինչ 4 օր առաջ՝ հունվարի 26-ին՝ ՀՀԿ-ից՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյան, Վարդան Վարդանյան, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան:

 

 

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply