Եգիպտական մումիայի մոտ քաղցկեղային բջիջներ են հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2012 6:42

Գիտնականները շագանակագեղձի քաղցկեղի հետքեր են հայտնաբերել ավելի քան 2200 տարի առաջ ապրած մումիֆիկացրած  տղամարդու մոտ:

Կահիրեի ամերիկյան համալսարանի պրոֆեսորները քաղցկեղային բջիջներ ու մետաստազներ են հայտնաբերել մումիայի մոտ: Մասնագետները գրեթե երկու տարի ուսումնասիրել են այդ մնացորդներն ու եզրակացրել, որ տղամարդը մահացել է 40 տարեկանում, շագանակագեղձի քաղցկեղից:

Բացահատումը թույլ է տվել եզրակացնել, որ հիվանդության պատճառը տվյալ դեպքում գենետիկ նախատրամադրվածությունն է:

«Հին Եգիպտոսում կենսապայմանները խիստ տարբեր էին.  օդն աղտոտված չէր արդյունաբերական արտանետումներով, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ տվյալ հիվանդության առաջացումը պարտադիր արդյունաբերական գործոններով չէ պայմանավորված»,-հայտարարել է պրոֆեսոր Սալիմա Իքրամը:

Սա քաղցկեղային ուռուցքի հետքերի հայտնաբերման երկրորդ դեպքն է բժշկական հնագիտության պատմության մեջ: Առաջինը Սիբիրի տարածքում հայտնաբերված  սկյութական թագավորի մնացորդներում էր, որը բնակվել է ավելի քան 2700 տարի առաջ`  երկաթի դարում:

 

Դիտվել է 1761 անգամ:
Print Friendly

Leave a Reply