Ֆրանսիայի հայ համայնքում խնդիրներն ահագնանում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 30, 2012 17:54

HayNews.am-ն արդեն հայտնել է, որ ներհամայնքային խնդիրների պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկնելու է Ֆրանսիա՝ Նիցցա քաղաք:

 

Հիշեցնենք, որ Նիցցայի հայկական համայնքը վերջին տարիներին մասնատված է երկու մասի: Բուն նիցցահայերի, Հայաստանից եւ Մերձավոր Արեւելքից մեկնած մեր հայրենակիցների եւ մի քանի պոլսահայերի միջեւ առկա խնդիրը, որը վերաբերում է համայնքին պատկանող Պարսամյան կրթական համալիրին, ինչպես նաեւ եկեղեցուն, դեռեւս չի հաղթահարվել: Համայնքի հիմնական հատվածը մի քանի պոլսահայերի մեղադրում է Նիցցայում թրքամետ քաղաքականություն վարելու, Ֆրանսիայում բնակվող հայաստանցիների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի, եկեղեցին «սեփականաշնորհելու» մեջ: Խնդիրն այն աստիճան էր խորացել, որ մի քանի անգամ հասել էր ձեռնամարտի, որի հետեւանքով նիցցահայերի մեջ ազդեցիկ դիրք ունեցող Ժիրայր Փոլադյանին ձերբակալել էին, նոր հետո գրավով ազատ արձակել՝ պոլսահայերի հետ ունեցած տհաճ միջադեպի համար: Այժմ իրավիճակն այն աստիճան է սրվել, որ Կաթողիկոսը շտապ մեկնում է Ֆրանսիա՝ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով:
Եվ ահա այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով մեկնեց Ֆրանսիա և Անգլիա, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների, ինչպես նաև թեմական վարչությունների հետ:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Կաթողիկոսական գրասենյակի գործավար քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը»:

 

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply