«Մահապատժի հրապարակները» Ստամբուլի ցուցասրահում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 24, 2009 8:30
Stambul

Սխալը զարգացման պայման. «Սխալ մարդկանց» կաբարեն

Ստամբուլի միջազգային բիենալեում (երկու տարին մեկ տեղի ունեցող արվեստի փառատոն) Համլետ Հովսեփյանի վիդեոները ցուցադրվում են 5 խոշոր պրոյեկտորներով, ընդհարձակ սրահում: Նա 1970-ականներին` «Կիեւ Ալֆա» 16 միլիմետրանոց տեսախցիկով, նկարահանում էր մարդկանց ուշադրությանը չարժանացող գործողություներ` հորանջանք, քոր, գլուխլվա, որոնք 30 տարի անց 1990-2000 թթ. ցուցադրվել են Հելսինկիում, Վիեննայում – Երեւանի ՆՓԱԿ-ում, իսկ այժմ էլ` Ստամբուլում:

1990-ականների վերջերին, երբ Հայաստանի ժամանակակից արվեստում ամենատեսանելի ուղղությունը վիդեո-արտն էր` Համլետ Հովսեփյանի ֆիլմերը բացահայտվեցին իբրեւ վիդեո-արտի գործեր: Թվում էր` դրանք ազդված են ամերիկացի Էնդի Ուորհոլի (1928-1987) աշխատանքներից: Սակայն Համլետ Հովսեփյանը Ուորհոլի մասին միայն կարդացել էր, իսկ գործերը տեսել շատ ավելի ուշ` 1997 թվականին:

Այս տարվա Ստամբուլի միջազգային 11-րդ բիենալեն, որ կտեւի սեպտեմբերի 11-ից նոյեմբերի 8-ը, համադրել է «Ինչ, ինչպես եւ ում համար» խորվաթ կին կուրատորների խումբը: Բիենալեի խորագիրը գերմանացի գրող Բերտհոլդ Բրեխտի` «Ի՞նչն է կենդանի պահում մարդկությանը» խոսքերն են:

Խորվաթուհիները 43 երկրների ժամանակակից արվեստի գործերից Ստամբուլի բիենալեի համար ընտրել են 62 արվեստագետի եւ 8 խմբային գործեր: Համադրողների ուշադրության կենտրոնում անցած 4 տասնամյակում ստեղծված այն գործերն են, որոնք առնչվում են ձախ գաղափարներին, կանանց իրավունքներին, քաղաքական հակամարտություններին:

«Etcռtera» խումբը իր ինստալացիայում առաջարկում է միանալ «Սխալիստների միջազգային շարժմանը» «Սխալների կաբարեում», դառնալ ՍԽԱԼ, որը զարգացման անխուսափելի եւ անհրաժեշտ պայմանն է: Տաշքենդցի գրող, փիլիսոփա Վլյաչեսլավ Ախունովի 70-ականներին արված կոմունիզմի պլակատային քարոզչությունը քննադատող, Լենինին «նվիրված» դիսիդենտական արվեստի գործերը, եթե արեւմուտքցու համար էկզոտիկ են, ապա հետխորհրդային երկրից եկածների համար` հարազատ:

Ախունով

Վյաչեսլավ Ախունովի 70-ականների դիսիդենտական գործերը այժմ հարազատ են թվում: Լուսանկարները` հեղինակի

Երեւանցի Կարեն Անդրեասյանի եւ Փարիզում բնակվող արվեստի տեսաբան Ստիվեն Ռայթի համատեղ նախագիծը` «Օնթոլոգիական զբոսավայրերը», տեղադրված է նաեւ համացանցում  www.ontologicalwalkscapes.format.am, ուր հեղինակները զբոսնողների դերում են` Երեւանում Հյուսիսային պողոտայում եւ Սարյան պուրակում ընդդիմության քաղաքական զբոսանքները փաստագրողներ:

ԵՊՀ-ի հինգ ուսանող-թղթակիցների հետ նրանք Երեւանից շարժվում են դեպի Ողջաբերդ, սահմանամերձ Խաչիկ գյուղ, Հրազդան, Նոր Հաճըն, փաստագրում բնակիչների անձնական պատմությունները, որոնք ներկայանում են որպես քաղաքական բացթողումների, կորուստների, մոռացությունների պատմություններ:

Սիրիահայ Հրայր Սարգսյանի լուսանկարները արտաքուստ թվում է, թե ոչնչի մասին են, բայց նրանց անվանումը բացում է աշխատանքի ասելիքը` «Մահապատժի հրապարակներ»: Լուսանկարներում Հալեպի` արմավենիներով պատված այն հրապարակներն են, որտեղ մինչ օրս մահապատիժներ են իրականացվում:

Եգիպտոսից արվեստագետը` Աննա Բողիկյանը իր «Բանաստեղծը պատմության սահմանին» աշխատանքում հույն բանաստեղծ Կոնստանտին Կավաֆիսի ստեղծագործությունները փոխակերպել է կտավների: Թուրք արվեստագետ Էրկան Օզգյունի վիդեոյում սեւամորթ երիտասարդները զինվորական մարշ են կատարում արտաբերելով` «Որքան երջանիկ է նա, ով թուրք է» արտահայտությունը:

Նա դեմ է նացիոնալիստական ցանկացած դրսեւորման, իսկ երեւանցին ակամա հիշում է «Իմ զենքը իմ… է» պաստառները: Ցուցահանդեսները ներկայացված են Ստամբուլի ժամանակակից արվեստի երկու խոշոր կենտրոններում («Անտրեպո համար 3», «Դեպո» (Թութունի նախկին գործարան) եւ նախկին հունական դպրոցում:

Ստամբուլ-Երեւան

dav_3395

Picture 1 of 6

Դիտվել է 2652 անգամ:
Print Friendly

Leave a Reply