Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հետճգնաժամային տնտեսական քաղաքականության մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 30, 2012 15:31

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 29-ին Ծաղկաձորում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Տնտեսական քաղաքականությունը հետճգնաժամային ժամանակաշրջանում. մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպաններ՝ Ջոն Հեֆֆերնը և Պետրի Օլավի Սալոն:
Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դասախոսության նպատակն է փորձել հասկանալ, թե Ճգնաժամն ինչ արմատներ ունի, ինչպես է դրսևորվում և որն է դրանից ելքը: «Մենք այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, որն ունի բազմաթիվ ներքին հակասություններ, որի արդյունքում էլ առկա է ճգնաժամը: Դասախոսությամբ ցանկանում եմ անդրադառնալ այն ճեղքվածքներին, որոնք հանդիսանում են ճգնաժամի հիմնական պատճառները և որոնք բնութագրում են ժամանակակից աշխարհի խնդիրները», – ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ ճեղքվածքները չորս են՝ հասարակությունների միջև աճող անհավասարությունը, ժողովրդավարության և կապիտալիզմի բախումը, ինչպես նաև ֆինանսական ու առևտրային անհաշվեկշռվածությունները:
Վարչապետը մանրամասն անդրադարձել է դրանցից յուրաքանչյուրին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, կրթության, արդարադատության, ոստիկանության, մեր երկրի կառավարման համակարգում ու այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին՝ իր ծննդյան օրը հետաքրքիր դասախոսությամբ հանդես գալու և իրենց բարձրացրած հարցերին պատասխանելու համար:

 

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply