ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ` Հունաստանում և Իրանում

Պաշտոնական, Օրվա լուր | | January 30, 2012 13:14

Հունաստան

Հունվարի 26-ին Հունաստանի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարետարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը, Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը, Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Պաշտոնական հյուրերին զինվորական պատիվներով ողջունել են Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն»  ռազմական ակադեմիայի կուրսանտները, ՀՄԸՄ և «Արարատ» մշակութային-մարզական միության խմբերը:

Միջոցառմանը հնչել են երկու պետությունների ազգային հիմները, ապա կատարվել է հունահայ համայնքի կղերից դասի օրհնության արարողություն:

ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդը: Շեշտվել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսևորում:

Ազգային ռազմական պարերով ելույթ է ունեցել Համազգային միության պարախումբը: Միջոցառումն ուղեկցվել է ազգային և ռազմական երգերով, ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով:

Իրան

Հունվարի 29-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրի հանդիսությունների սրահում ԻԻՀ-ում  Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին:

Հանդիսությանը ներկա բազմաթիվ հյուրերի թվում էին  ԻԻՀ պետական, ռազմական,  քաղաքական  և  հասարակական գործիչներ, ԻԻՀ մեջլիսի հայազգի պատգամավորներ,  Թեհրանում  հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային  կազմակերպությունների  անդամներ,  ռազմական  կցորդներ, արվեստի,  գիտության և տնտեսության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ  իրանահայ համայնքի երեք թեմերի անդամներ, լրագրողներ:

Հանդիսության պաշտոնական մասն սկսվեց ՀՀ  և  ԻԻՀ պետական օրհներգների կատարումով: Որից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց  ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Հայոց  բանակի  20-ամյա  ուղու  մասին  համառոտ  զեկույց  ներկայացրեց ԻԻՀ–ում  ՀՀ  դեսպանության  ռազմական  կցորդը:

Երեկոն ուղեկցվում էր Հայաստանի ազգային բանակի 20 ամյակին նվիրված տեսաֆիլմերի ցուցադրությամբ և հայկական ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ:

 

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply