Վերջին վատ ընտրությունները…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 29, 2012 22:24

Այս խորհրդարանական ու հետո էլ նախագահական ընտրություները, ամենայն հավանականությամբ, վերջին վատ ընտրություններն են լինելու ու դրանով, Աստված տա, ավարտվելու է 95 թվականին սկսված արատավոր ընտրությունների շարքը։

Առ այսօր բացարձակապես ոչ մի նախանշան չկա, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները արդար են լինելու։ Պառլամենտի խոսակը ակնհայտորեն գործուղվել է ոչ թե նորմալ ընտրություններ անցկացնելու, այլ վարչական ռեսուրսը օգտագործելու միջոցով հանրապետականների հաղթանակը ապահովելու նպատակով։ Հեռուստատեսությունները բռի մեջ են, ընդ որում կարող են էդ բռից խուսափել, բայց գերադասում են ռիսկի չդիմել։ Բռի մեջ պահողներն էլ, որոնք մի քանի տարի հետո կհայտնվեն պատմության աղբանոցում, ըմբոշխնում են հեռուստատեսություներին թելադրելու վերջին հաճույքները…

Այն, ինչ տեղի է ունենալու մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, նույնությամբ կրկնվելու է 2013 թվականի նախագահական ընտրություններում։ Այսինքն այդ երկու ընտրությունները՝ երկու անկապտելի օղակն են նույն վերջին գործընթացի։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել 20 տարվա դժվար ու ոչ միանշանակ այդ երկու տասնամյակի ընթացքում, քիչ թե շատ գիտենք։

Եթե ես գիտեմ, որ չեմ ընտրվելու… Առաջին՝ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ես ընտրվելու եմ.. Երկրորդ՝ գիտեմ, որ առաջինը սուտ է, ուստի պայքարում եմ ընդդիմադիրներիս դեմ ավանդական ճանապարհով՝ նախ կրակում եմ նրանց վրա, եթե դա չօգնեց՝ նստեցնում եմ նրանց, դա էլ չօգնեց՝ վարկաբեկում ու եթերազրկում եմ նրանց… Այսպես կհաղթենք…

Ես ապրում եմ Ռադիոտան մոտ ու մեկ-մեկ աշխատանքի եմ գնում ուսանողական փողոցով՝ համալսարան, տնտեսագիտական, պոլիտեխնիկ… Սեւ կոստյումներ ու Մալաթիայի շուկայից գնված պսպղուն դերյաներ, ֆանտաստիկ ազգային վարսահարդարային գլուխգործոցներ… Բայց նաեւ պայծառ դեմքեր… Ամեն ինչով հետաքրքրվող ու ամեն ինչը հարցականի տակ դնող տղերք ու աղջկերք…

Ու այդ պայծառ դեմքերն են ինձ համոզել, որ սա վերջն է՝ 2012 եւ 2013 թվականներից հետո այլեւս երբեք Հայաստանում վատ ընտրություններ չեն լինելու…Եվ դա բոլորը բնազդաբար հասկանում են… Ու այս վերջին վատը, իմ կարծիքով, պարզապես սարսափ է լինելու… Վերջին վատը միշտ ամենավատն է…

Լրագրող Արմեն Դուլյան
http://www.ejournal.am/news/opinion/2012-01-27/595/

 

 

 

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply