ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ժամանեցին Իրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 29, 2012 15:35

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները եռօրյա այցով ժամանեցին Իրան: Այս մասին հաղորդում է ԲիԲիՍի-ն:

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներիԻրան  այցի հիմնական նպատակը բանակցություններն են Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ և ուղևորությունները միջուկային օբյեկտներ: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների պատվիրակությունը Իրանում կմնա մինչև հունվարի 31-ը:

ՄԱԳԱՏԷ-ի և միջազգային հանրության անհանգստությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում տեղեկություններ են հասնում Թեհրանից, թե Իրանը աշխատանքներ է տանում` ուղղված միջուկային զենքի ստեղծմանը: Այդ հանգամանքն է առիթ դարձել  ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:  Նրանք նախատեսում են Իրանի հետ առևտրային հարաբերությունների նվազեցում, ֆինանսական հաստատությունների հետ գործնական շփումների կրճատում, ինչպես նաև իրանական նավթի արտահանման կրճատում: Բացի այդ, արգելք է դրված Իրան նավթաքիմիական սարքավորումների ներկրման, Իրանի նավթային ընկերություններում ներդումների և համատեղ ձեռնարկություններ ստեղծելու վրա:

Ի պատասխան` Թեհրանը սպառնում է փակել Օրմուզի ջրանցքը, որը Պարսից ծոցի երկրներից նավթ տեղափոխելու գլխավոր հաղորդակցական երակն է:

Ավելի վաղ հաղորդվել է արդեն, որ այսօր Իրանի խորհրդարանականները լրամշակել են Եվրոպայի Միության երկրներ նավթ մատակարարման կրճատման մասին օրինագիծը և այժմ առաջարկում են նաև արգելել եվրոպական ցանկացած ապրանքի ներկրումը Իրան:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply