Սկեսուրը հարսին այնքան է սոված պահել, որ նա նորածին երեխային կրծքով կերակրելու համար կաթ չի ունեցել

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | January 29, 2012 9:55

Շատ հաճախ կանայք ֆիզիկական ու հոգեբանական բռնության են ենթարկվում ոչ թե տղամարդկանց կողմից, այլ սկեսուրն է բռնության է ենթարկում հարսին կամ հարսը` սկեսուրին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը, նկատելով, որ շատ հաճախ նույն ընտանիքում ապրող հարսն ու սկեսուրը ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով դիմում են «Կանանց իրավունքների պաշտպանության» կենտրոն եւ նրանց վեճը շարունակվում է արդեն այնտեղ` տան պատերից դուրս։

Հոգեբանը մի զավեշտալի իրավիճակ հիշեց, երբ զոհի կարգավիճակով իրենց են դիմել ե’ւ հարսը, ե’ւ սկեսուրը։

«Կոնկրետ այդ դեպքը պայմանավորված էր բնակարանի եւ տան գույքի բաժանման խնդիրներով։ Սկեսուրը ճնշում էր հարսին, վերջինս էլ իր հերթին սկսել էր հայտարարել, որ ինքն իրավունքներ ունի այդ տանն ապրելու համար։ Եվ, երբ իրարից անկախ գործը հասավ մեզ, ստիպված էինք ե’ւ հարսին, ե’ւ սկեսուրին առանձին փաստաբաններ տրամադրել եւ դատական նիստով գույքը բաժանվեց։ Այսինքն եկան փոխհամաձայնության»,- պատմեց հոգեբանը եւ ավելացրեց, որ նրանք 10 տարվա հարս եւ սկեսուր են եղել։

Նրա խոսքով, հարս-սկեսուր հակամարտությունը շատ ավելի տարածված է գյուղերում եւ մարզերում, քանի որ տան տղամարդիկ գնում են «խոպան» եւ իգական սեռի ներկայացուցիչներին թողնում են մենակ։ Իսկ կանայք միասին երկար ապրելով, հոգեբանական խնդիրների առաջ են կանգնում։ Սկզբնական շրջանում հոգեբանական բռնությունն է ի հայտ գալիս, որին շատ հաճախ հաջորդում է ֆիզիկականը։

«Գյուղերից մեկում մի 24 ամյա կին, որը հասցրել էր 3 երեխա ունենալ, ճնշվում էր սկեսուրի կողմից։ Ամուսինը նրան փախցրել էր 16 տարեկանում։ Ընթացքում ամուսինն սկսել է խմել, դավաճանել կնոջը եւ ծեծել, իսկ, երբ գնացել է «խոպան», ծեծի գործը շարունակել է սկեսուրը։ Սկեսուրն իմանալով հանդերձ, որ հարսը նորածին երեխային պետք է կրծքով կերակրի, դիտավորյալ հաց չի տվել նրան։ Երբ այդ աղջիկը բացատրել է, որ կաթ չունի եւ սովից է երեխան լաց լինում, սկեսուրը պատասխանել է. «Բա մենք ո՞նց ենք գոլ ջուր խմել ու կաթ ունեցել»՚,- պատմեց հոգեբանը։

Աղջիկը մեծ դժվարությամբ դիմել է Կենտրոնին, ստանալով ե’ւ սոցիալական, ե’ւ իրավական, ե’ւ հոգեբանական աջակցություն։ Հոգեբան Մարինե Մարտիրոսյանին ուղղված այն հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ հարսներն են սկեսուրներին հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկում, հիշեց. «Այո։ Օրինակ, վերջերս սկեսուրն էր դիմել մեզ, որը երկար տարիների մանկավարժ էր, իսկ հիմա արդեն թոշակառու։ Տղային ամուսնացնում է եւ երկհարկանի առանձնան մեջ, որը պատկանում է իրեն, ապրում տղայի նորաստեղծ ընտանիքի հետ միասին։ Հարսը մի քանի տարի հետո սկսում է հոգեբանական ճնշման ենթարկել սկեսուրին, ասելով թե սա իմ ամուսնու տունն է։ Ամուսինն էլ, թեեւ, պաշտոնյա էր, բայց չի կարողանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք փնտրել, քանի որ մի կողմից իր սիրելի մայրն է լինում, մյուս կողմից` իր սիրելի կինը։ Բայց արդյունքում տուժում էր մայրը, որովհետեւ միայնակ էր, չուներ ամուսին եւ այլ զավակ։ Ինչպես նաեւ իր ամբողջ կյանքը նվիրել էր իր տղային մեծացնելուն։

Սակայն հարսը ընտրության առումով անհաջող էր գտնվել։ Նա սկեսուրին սկզբում 1 հարկում է թույլ տվել ապրել, հետո այդ կնոջը թույլ է տվել միայն մի սենյակից օգտվել»։

Սկեսուրը տեսնելով, որ առաջիկայում, հարսի «թեթեւ ձեռքով», հայտնվելու է փողոցում, ի վերջո դիմել է Կենտրոնին։ Արդյունքում երկու կողմերը եկել են փոխհամաձայնության, որ տունը վաճառվի եւ իրարից առանձին ապրեն։ «Այսինքն այդ կինը, որն ամուսնու հետ տունը կառուցելով տղայի հետ կապված երազանքներ էր ունեցել, վերջում զրկվեց այդ տնից։ Սկզբում ապրեց վարձով մինչեւ, որ բնակարանը վաճառվի։ Իսկ վաճառքից հետո ամեն մեկն ստացավ իր բաժնեմասը»,- ավելացրեց հոգեբանը։

Սա ընդամենը գույքի հետ կապված անհամաձայնությունների օրինակ էր, երբ սկեսուրները դժգոհում են, թե իրենք տուն տեղ դնեն ուրիշի աղջիկը գա իրենց տան մեջ «նաչալնիկություն» անի, կամ հարսներն ասում են, թե իրենց հոր տունը թագուհու պես ապրել են, սրանք 4 պատ էլ չեն ցանկանում տալ։

Ըստ հոգեբանի, շատ հաճախ, սկեսուր-հարս վիճաբանությունների թեման նաեւ խանդն է. սկեսուրներն ասում են, թե տղա են բերել մեծացրել, որ «դրա՞ն» բաժին հասներ։ Բայց իրականում, ով էլ լիներ նույնը կասեին, իսկ հարսներին թվում է, թե սկեսուրները ցանկանում են իրենց ամուսիններին «մամայի բալա» դարձնել։

Նշենք, որ 2011 թվականին, Կանանց իրավունքների կենտրոնի ազգային թեժ գծին ստացված 2302 ահազանգից 1678-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը, որից 1042-ը հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 612 -ը` ֆիզիկական եւ 24-ը` սեռական: 2011թ. հունվար-սեպտեմբերին Երեւանում գտնվող Ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 1325 այց (459 առաջնային, 866 կրկնվող): 459 առաջնային այցերից 288-ը եղել են հոգեբանական բռնության դեպքեր, 360-ը` ֆիզիկական եւ 11-ը` սեռական:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

 

 

Դիտվել է 2445 անգամ:
Print Friendly

Leave a Reply