Բնիկ ամերիկացիների նախահայրենիքը, ըստ երևույթին, պետք է համարել Ալթայը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2012 23:12

Հետազոտողների միջազգային խումբը հանգել է այն եզրակացության, որ առաջին ամերիկացիների գենետիկ հայրենիքը պետք է համարել Ալթայը:

Այդ համեմատաբար ոչ մեծ լեռնային մարզը, որ գտնվում է Սիբիրի հարավում` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի և Մոնղոլիայի արանքում, մի քանի հազար տարիների ընթացքում յուրօրինակ ինկուբատոր է եղել նոր ժողովուրդների համար: Մոտավորապես 20-25 հազար տարի առաջ այնտեղից, ամենայն հավանականությամբ, դուրս են եկել նաև հնդկացիների նախնիները (ինչպես նաև հավանաբար չուկչաները, կորյակները և ուրիշներ),  տեղաշարժվել Սիբիրում և վերջին հաշվով հասել Ամերիկա:

Ուսումնասիրողները հետազոտել են Ալթայի մարզի ժամանակակից բնակիչների  միտոխոնդրիալ ԴՆԹ-ն և Y քրոմոսոմները, որպեսզի հայտնաբերեն նշաններ, որոնք կարող են կապել նրանց բնիկ ամերիկացիների հետ: Նախկին ազգագրական ուսումնասիրություններով էական տարբերություններ են հայտնաբերվել Հյուսիսային և Հարավային Ալթայի էթնիկ խմբերի միջև: Հյուսիսայինները, ինչպես երևում է, լեզվական և մշակութային առումով ավելի ուժեղ են կապված ուրալցիների և սամոդիյների հետ, իսկ հարավայինները` բուրյաթների, մոնղոլների և ույգուրների:

Բացի այդ, մասնագետներն ուշադրություն են դարձրել Հարավային Սիբիրի, Միջին Ասիայի, Մոնղոլիայի, Արևելյան Ասիայի բնակիչների և, իհարկե, հնդկացիների ԴՆԹ-ի վրա:  Մեծ ընտրանքի շնորհիվ, ինչպես ընդգծում են փորձագետները, արդյունքները կարելի է շատ ճշգրիտ համարել:

Հարավային Ալթայի բնակիչների Y քրոմոսոմում ուսումնասիրողները հայտնաբերել են բացառիկ մուտացիաներ, որոնք առկա են բնիկ ամերիկացիների ԴՆԹ-ում և հայտնի են որպես Q գիծ: Միտոխոնդրիալ տեսանկյունից նույն արդյունքներն են:

Մասնագետների գնահատմամբ, ալթայցիների հարավային գիծը բաժանվել է հնդկացիներից 13-14 հազար տարի առաջ: Դա համապատասխանում է հնագետների տվյալներին, որոնք ենթադրում են, որ սիբիրցիների տեղափոխությունը Ամերիկա տեղի է ունեցել 15-20 հազար տարի առաջ:

Գիտնականները ցույց են տվել նաև, որ հարավային ու հյուսիսային ալթայցիների ներկայիս մշակութային խզումը վաղեմի գենետիկ արմատներ ունի: Միաժամանակ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի վերլուծությունը վկայում է, որ  իգական գծով հյուսիսային և հարավային ալթայցիներն ավելի ամուր են կապված, քան արական:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են American Journal of Human Genetics հրատարակությունում:

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply