Մեր անունն է հայկական բանակ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 28, 2012 22:22

 

Հայաստանի Հանրապետության 20-ամյակի տոնակատարություններից շքեղագույնը հայոց բանակի շքերթն էր, որն  ստեղծած զգացականության անմիջական ալիքից բացի,  հստակ պատգամներ ուներ՝ ուղղված մեր երկիրը շրջապատած ու շրջափակած թե՛ Թուրքիային  և թե՛ Ադրբեջանին: Մեր հանրապետությունը շրջափակած տարածաշրջանային ուժ Թուրքիան  և իր ռազմական բյուջեն անընդհատ մեծացնող Ադրբեջանը ստացան անհրաժեշտ պատգամները, երբ Երևանի հրապարակում ցուցադրվեցին հայկական զինուժը, ռազմարդյունաբերության նորագույն արտադրությունները, ընդհուպ մինչև անօդաչու սարքերի հայկական արտադրության տարբերակները:
Թշնամական վերաբերումներով շրջափակված, դիվանագիտական խզումներով հատկանշված, հարևան պետությունների անմիջական սպառնալիքների տակ, անդադար խախտվող զինադադարի դեպքերի դիմաց  և անավարտ պատերազմի կարգավիճակում  գտնվող մեր երկրի բանակի դերն ու նշանակությունը բազմակի իմաստ ունեն: Ֆիզիկական առումով գոյության պահպանման խնդիրը  մնայուն սթափ ու ահազանգային վիճակում  գտնվելու շեշտակի մարտահրավեր  է պարտադրում հայոց բանակին. ընդմիշտ:
Հայրենիքի պաշտպանության առաջադրանքը համայն հայության առաջնային օրակարգն է: Հայրենական խնդիրներին իրազեկ դառնալը, հայրենիքին վերաբերող տարբեր ոլորտի աշխատանքներին մասնակից դառնալը, որոշումների կայացման գործընթացներին բոլոր հայերի ներգրավվածությունը ապահովելը եթե իրավունքներ են, ապա նաև հայրենիքի պաշտպանության գործի մասնակցությունը  ևս իրավունք է ու պարտականություն միաժամանակ:  Հարցը պետք չէ կապել անշուշտ քաղաքացիության ձեռքբերման հետ: Ազգային պատկանելությունը հիմնական շարժառիթն է նման կարևոր  և այս պայմաններոմ օրհասական նկատվող, նույնիսկ՝ աշխատանքի մասնակցության:
Գիտակցական բաժինն ու արյան կանչի իրականությունը իրենց հերթին,
այսուհանդերձ  ժամանակակից դրությամբ հաստատությունները գրավիչ դարձնելու խնդիր գոյություն ունի, որն առնչվում է տվյալ հաստատության, այս դեպքում՝ բանակի հեղինակության, վարկի, մարտունակության  և կազմակերպվածության հետ: Ահա թե ինչու առաջնակարգ կարևորություն է ստանում հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակի նկատմամբ բանակի պատասխանատուների կողմից ցուցաբերվելիք նախանձախնդրությունը, մարտունակ ոգու պահպանման համար համապատասխան մասնագիտական  միջոցների կիրարկումը, հայ զինվորի արժանապատվությունը բարձր պահելու սկզբունքային մոտեցման ցուցական դրսևորումներն ու տակավին բանակի տարբեր բաժանմունքներում արձանագրվող միջադեպերի բացահայտումը, նման արարքների պատասխանատուներին պատժելիության ապահովումը, օրենքի գերակայությամբ անաչառության և արդարության մթնոլորտի տարածումը:
Այս առաջադրանքների իրականացման ուղղությամբ շարժվելը, հավաստիություն, վստահելիություն և արդարություն ցուցաբերելը, զինուժի կատարելագործման առընթեր կհաջողեն հայոց բանակը պահել տարածաշրջանում ամենամարտունակը և անգերազանցելին, ինչպես վկայում են օտար ռազմագետները:
Հայոց բանակը մեկ կարևոր փորձաքարի առջև է նաև այս օրերին. մեր երկրի ընտրակարգի խոցելի կետերից մեկը ևս բանակայինների համախումբ, միանշանակ և զանգվածային քվեարկելու եղանակն է:
Թվում է, որ բոլոր կողմերը համոզվել են, որ համապետական շահերից են բխում արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ կազմակերպելը մեր երկրում. Հայաստանի ընտրակարգի տակավին կատարելագործման առաջադրանքներ ու իրականացման աշխատանքներում կարևոր է այս երևույթի բարեփոխումը: Բանակայիններն ու իրենց ընտանիքները պիտի զգան անպայման, որ ընտրությունների ընթացքում ազատ են իրենց դիրքորոշումներում և որևէ ձևով զինվորական կարգապահության ուղղահայաց դրվածքով պատվեր կատարելու կարգավիճակի մեջ չեն գտնվում այս դեպքում:
Եթե իրոք ուզում ենք որակական հեղափոխություն ապահովել մեր ընտրակարգում, այս երևույթը բարեփոխելու ուղղությամբ աշխատանքը անհետաձգելի է: Հայոց բանակը համահայկական ուշադրության արժանի հաստատություն է: Մեր լինելությունը պահպանող հիմնական ու անփոխարինելի կռվանն է: Մեր գոյությունն է, մեր անունն է: Ընտրությունների ընթացքում իր պահվածքով, հայոց բանակը իր մասնակցության եղանակով կարող է մեծ առիթն օգտագործել՝ ծառայելու համար Հայաստանի Հանրապետության համապետական շահերին։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

Ազդակի  գլխավոր խմբագիր

Դիտվել է 1759 անգամ:
Print Friendly

Leave a Reply