Հայրապետյան եղբայրների հայրը՝ Փայլակ Հայրապետյանը պարզաբանում է «Հայաստան» հանրախանութի շուրջ ստեղծված աղմուկը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 28, 2012 21:02

«Հայրապետյան եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ի եւ  «Հայաստան» հանրախանութի շուրջ ծագած խնդիրները, որեւէ կապ չունեն ԲՀԿ-ի եւ առհասարակ քաղաքականության հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայրապետյան եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ի եւ  «Հայաստան» հանրախանութի սեփականատեր, նախկին «էրեբունի» միավորման գլխավոր տնօրեն Հայրապետյան եղբայրների հայր Փայլակ Հայրապետյանը։ Վերջինս պատասխանեց NEWS.am-ի եւս մի քանի հարցերի, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Հայրապետյան, «Հայաստան» հանրախանութի շուրջ ստեղծված խնդիրները ոչ միայն լուծում չեն ստացել, այլեւ մինչ օրս անհասկանալի է, թե ո՞րն է ստեղծված աղմուկի պատճառը։ Ավելին՝  խնդիրը մամուլն արդեն շաղկապում է նաեւ ԲՀԿ-ի հետ։

«Հայաստան» հանրախանութը ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունի: Թե’ խանութը, թե’ Հայրապետյան եղբայրների ընտանիքը քաղաքականության մեջ չի մտնում, բայց հայրենասիրության մեջ մտնում է։ Ինչքան հայրենիքը սիրելու գործ կա, դա մերն է, ինչքան քաղաքականություն կա, դա էլ քաղաքագետներինն է։ Մենք քաղաքականության հետ ընդհանրապես գործ չունենք։

Իսկ ստեղծված խնդրի պատճառը ո՞րն էր։

Մանր մունր խնդիր է։ Այս երկու օրը վերջնականապես կպարզվի եւ ես ասուլիս կհրավիրեմ։Մեր ժողովուրդն էլ այնքան հետաքրքրասեր է, որ ցանկանում են բաց ինֆորմացիան ավելորդություններով լրացնել։

Ներկայումս Դուք «Ամերիաբանկի» հետ ֆինանսական խնդիրներ ունե՞ք, թե` ոչ։

«Ամերիաբանկի» հետ ես բոլորովին կապ չունեմ։ Բանկի հետ կապ ունի իմ ընկերը՝ Աշոտ Սուքիասյանը։

Իսկ նա կուսակցակա՞ն է։

Ոչ նա  Երեւան քաղաքի վանքերի քավորն է։

Ըստ տեղեկությունների Դուք Ձեր խանութը օգնության կարգով տրամադրել եք իրեն, որ բանկում գրավ դնի:

Այո։ Ոչ, թե օգնության կարգով, այլ աշխատանքի համար նա պետք է գրավ դներ, իսկ գրավից ստացված եկամուտները պետք է մեզ մոտ՝ ֆաբրիկայում աշխատեցնեինք։ Հիմա գործը չգիտեմ ինչու, չի ստացվել։ Ես բողոքել եմ եւ Աշոտի դեմ, եւ «Ամերիաբանկի»:

Ներկա դրությամբ հանրախանութի ճակատագիրը վտանգվա՞ծ է։

Ոչինչ վտանգված չէ։ Խնդիրը լուծում է ստանում։ Ստեղծված իրավիճակը ժամանակավոր բնույթ է կրում, որոնք լուծվող հարցեր են։ Ես չեմ կարծում, որ Աշոտը խուլիգան է եւ պետք է վերցնի փախչի։ Հայաստանում բանկն ու բիզնեսը պետք է լինեն ընկերներ, ոչ թե թշնամիներ։

Իսկ ձեր ընկեր Աշոտ Սուքիասյանը Հայաստանո՞ւմ է, թե` ոչ։ Եթե այստեղ է, ապա ինքն ի՞նչ է ասում, ինչու չի կատարել իր հարկային պարտավորությունները։

Նա փախչող մարդ չի, այստեղ է։ Բանկից փողը չեն վերցնում դնում գործի մեջ հետո մի օրում փակում։ Այդ գումարը վերցրել են  10 տարվա համար եւ դեռ 2 տարի է անցել։ Նա գրաֆիկով վճարել է, բայց մի պահ չի կարողացել վճարել։ Էլ ես ոչնչից տեղյակ չեմ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օրեր առաջ «Հայրապետյան եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ին պատկանող «Հայաստան» հանրախանութում են ոստիկաններն ու «Ամերիաբանկի» ներկայացուցիչները վիճաբանության մեջ են մտել հանրախանութի առեւտրականների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր փաստաբան Արա Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ` հակառակ վարձակալի ցանկության` բանկի ներկայացուցիչները փորձել են առեւտրականներին ստիպել ազատել տարածքը: Իսկ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող «Հայաստան» հանրախանութը գրավի դիմաց կհանձնվի «Ամերիաբանկին»: Մի քանի օր առաջ բանկի աշխատակիցները գնացել են «Հայաստան» հանրախանութ եւ ծանուցագրեր բաժանել հանրախանութի աշխատակիցներին, որի համաձայն՝ նրանք պարտավոր են կամ մինչեւ հունվարի 24-ը լքել տարածքը, կամ բանկի հետ նոր պայմանագիր կնքել՝ հետագա գործունեությունը շարունակելու համար: Սակայն հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանը  հերքել էր վերը նշված տեղեկությունը՝ ասելով, թե «Հայաստան»-ն իրենցն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել:

Ավելի ուշ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել, նշելով, որ Երեւանի Հրաչյա Քոչարի փողոց թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքը («Հայաստան հանրախանութ) օրենքով սահմանված կարգով անցել է Բանկի սեփականությանը` Բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով:

Ամերիաբանկի կողմից տրամադրվել է ծանուցում նշված տարածքի վարձակալ հանդիսացող ««Հայաստան» առեւտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին` տարածքը մեկամսյա ժամկետում ազատելու վերաբերյալ, սակայն նշված պահանջը չի կատարվել: Ներկայումս Բանկն իրականացնում է աշխատանքներ` նշված տարածքն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ: Այդ աշխատանքները որեւէ կերպ չեն անդրադառնա նշված տարածքում մանրածախ առեւտուր իրականացնող անձանց վրա, որոնց առաջարկվել է օրենքով սահմանված կարգով վերակնքել համապատասխան պայմանագրեր:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

 

NEWS.am

 

Դիտվել է 1961 անգամ:
Print Friendly

Leave a Reply