ԼՂՀ արտգործնախարար. «Թուրքիան գերի է դարձել ժամանակին Ադրբեջանին տված իր խոստումներին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2009 17:36
Գեորգի Պետրոսյան

Գեորգի Պետրոսյան

«Մենք  չենք փորձի  միջամտել որևէ հարցում Հայաստանի քաղաքացիների և իշխանությունների դիրքորոշումների ձևավորման գործընթացին: Մեր դիրքորոշումը հստակ է` մենք չենք միջամտել և չենք միջամտի Հայաստանի ներքին կյանքին, չնայած կան համահայկական նշանակության հարցեր, որոնք մեզ հուզում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կապակցությամբ»,-ասել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը թուրքական «NTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. նա մեկնաբանել է ԼՂՀ դիրքորոշումը՝  հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Պետրոսյանն ասել է, որ  Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ուղղակիորեն փորձում են կապել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ըստ նրա` դա չի նպաստում Ղարաբաղի հարցի կարգավորմանը: «Ակնհայտ է, որ Թուրքիան գերի է դարձել ժամանակին Ադրբեջանին տված իր խոստումներին, որոնք այսօր իրագործվում են»,- ասել է նա` հավելելով, որ ճնշումների միջոցով Ղարաբաղի հարցում դրական արդյունքի հասնել հնարավոր չէ:

ԼՂՀ արտգործնախարարը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել տարբեր հարցեր: Սակայն Ադրբեջանը տարբեր պատճառներով հրաժարվում է դրանից: … Մեկ անգամ չէ , որ ասել ենք` առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հարցի կարգավորումն արդյունավետ չի լինի»:


ИА REGNUM

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply