Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 27, 2012 20:42


Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան  բարեկամական գործընկերության սերտացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում արձանագրված առաջընթացը լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Էրիկ Ռուբինն իր հերթին նշեց, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ ու նպատակադրված են գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշեց նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Էրիկ Ռուբինը հանգամանալից քննարկում ծավալեցին երկկողմ համագործակցության առնչվող հարցերի, տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:

 

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply