Քաղաքապետարանը և ՀՀ Ոստիկանությունը համագործակցում են “Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ” ծրագրով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 27, 2012 19:54

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը և ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժինը դպրոցականների կրթադաստիարակչության համատեղ ծրագիր են իրականացնում: Քաղաքապետարանի և Ոստիկանության համագործակցությունը կրում է “Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ” խորագիրը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նպատակն է միջոցառման միջոցով աջակցել հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության պատշաճ կազմակերպմանը, ինչպես նաև անչափահասների հնարավոր քրեածին արարքների դրսևորումների կանխարգելմանը: “Բարեկամ դարձնելով դպրոցականին և ոստիկանին՝ մենք կբացառենք այն հանցագործությունները, որ առանց գիտակցելու կամ այլ պատճառներով կարող է թույլ տալ անչափահա”,- ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Քննարկումների ընթացքում դպրոցականները բազմաթիվ հարցեր են ուղղում ոստիկաններին ու ստանում պատասխաններ, որոնք այդ տարիքի երեխաների համար նաև խորհուրդ են: Այս կերպ ոստիկանները նաև իրազեկվում են, թե ինչ գիտեն երեխաները երիտասարդական տարբեր խմբվածությունների, աղանդների, քրեական և հակասոցիալական այլ խմբերի մասին և հատկապես՝ ինչպես են ինֆորմացվում: Երեխաների հետ անմիջական զրույցները ոստիկաններին ու  մանկավարժներին  հնարավորություն կտան կանխարգելել հնարավոր իրավախախտումները՝ երեխաներին իրազեկելով դրանց մասին: “Շատ դեպքերում օրինակներ ենք բերում, որ ավելի պատկերավոր լինի խոսքը, հետաքրքրի երեխաներին. իրական դեպքեր ենք պատմում, բացատրում ենք այն հնարավոր պատիժը, որ կարող է կիրառվել անչափահասի նկատմամբ իրավախախտում կատարելուց հետո”,- բացատրում է ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ Նելլի Դուրյանը:

Քննարկումներում ընգրկված հարցերի շրջանակները նաև բանակին են վերաբերում՝ բանակը որպես անչափահասների քաղաքացիական դաստիարակության գործոն դիտարկելուն: “Երեխան պիտի գիտակցի, որ ինքը բանակի համար կարևոր մարդ է, պիտի գնահատի իր մասնակցությունը բանակին ու ծառայությանը հայրենիքին”,- նշել է Գայանե Սողոմոնյանը:

Քննարկումներին ներգրավված են աշակերտներ՝ Երևանի բոլոր վարչական շրջաններից դպրոցներից:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply