Վարդան Բոստանջյանն անուղղակիորեն ընդունում է, որ ԲՀԿ-ի վրա ճնշում կա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 27, 2012 17:28

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարելի՞ է արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Արարատի տարածքային նախկին ղեկավարի հետ կատարվածը դիտարկել որպես ճնշում կուսակցության վրա, ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հռետորական պատասխան է տվել. «Դուք ասացիք»:

Մինչ այդ, չնայած ուղղակիորեն համաձայնություն չհայտնելուն, ԲՀԿ-ական պատգամավորը լուռ լսում էր իր հետ բանավիճող ՀԱԿ և ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանի այն հայտարարությունը, որ «Հանրապետական» կուսակցությունը ճնշում է իրականացնում կոալիցիոն իր գործընկերոջ՝ «Բարգավաճի» վրա: Հովհաննես Իգիթյանը պարզաբանեց՝ եթե ոչ կուսակցության, ապա կուսակցականների վրա ճնշումների տեսքով:

Խոսելով ԲՀԿ Արարատի տարածքային կառույցի նախկին ղեկավարի հեռանալու և իր հետ մեծ թվով (մամուլում նշվում է 400 հոգու մասին) կուսակից ընկերների տանելու փաստը, Բոստանջյանն ասաց, որ մոտ մեկ միլիոնի մեջ մի քանի հարյուր մարդը եղանակը չի փոխում։ Մեկ միլիոն ասելով՝ Բոստանջյանն ի նկատի ուներ, այսօր Հայաստանում ԲՀԿ-ին ընդունող «մեկ միլիոնի ձգտող զանգվածը»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ Արարատի տարածքային նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանը վերջերս հայտարարեց կուսակցությունից հեռանալու մասին, իսկ երեկ հայտնի դարձավ, որ նա նշանակվել է Ոստիկանության Արարատի բաժնի պետ։

Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում էլ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարել էր, որ խոսքը ոչ թե 400, այլ երկու տասնյակը չգերազանցող նախկին կուսակիցների մասին է։ Մինչդեռ չորեքշաբթի օրը Վեդիում կուսակցության անդամատոմսեր են ստացել 1200 քաղաքացիներ։

Լրագրողները նաև Բոստանջյանից հետաքրքրվեցին, թե արդյոք «այդ տղան չէ՞ր կարող Արարատում ոստիկանապետ աշխատել ԲՀԿ-ական լինելով»։ « Դե երևի թե որոշակի դժվարություններ կային, էլի»,- պատասխանեց Բոստանջյանը:

ԲՀԿ-ական պատգամավորը մեկնաբանեց նաև ամբողջապես համամասնական ընտրակարգին անցնելու մասին խորհրդարանական ընդդիմությանը միանալու քայլը՝ համոզմունք հայտնելով, որ այն երբեք չի կարող դիտվել իբրև ԲՀԿ պատասխան քայլ: «Մենք նման ինտրիգներով չենք զբաղվում, և մեզ մոտ ավելի մակարդակային մարդիկ կան, որոնք ուզում էն էդ վերաբերյալ նախ, պարզել՝ ո՞ր ընտրակարգին անցնելն է ճիշտ, և դա պետք է պարզվի քննարկումների արդյունքում»:

Վարդան Բոստանջյանը կրկնեց, որ «էդ վերաբերյալ կա» իրենց 2007 թվականի ծրագրում:

Tert.am

 

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply