Մարգար Օհանյանի դատավարությունը շարունակվում է. փաստեր բենզինի գողության մասին,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 27, 2012 16:24

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` հունվարի 27-ին, շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:

Դատական նիստի սկզբում հանդես եկավ Երեւանի ՃՈ պետ Եղիշ Ենգիբարյանը, ով նախկինում աշխատել է որպես 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար: Նա հայտարարեց, որ որեւէ խնդիր չի եղել բենզինի մատակարարումների հետ կապված եւ միշտ ստացել է նորմալ քանակությամբ:  Մեղադրող Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ վկայի` դատարանում տված եւնախաքննական ցուցմունքների միջեւ էական հակասություններ կան` հրապարակելով նախաքննական ցուցմունքները: Ըստ այդմ` Եղիշ Ենգիբարյանը Հատուկ քննչական ծառայությունում հայտարարել էր, որ մշտապես դժգոհություններ են եղել բենզինի ստացման կապակցությամբ: Այսինքն` ստացել են ավելի քիչ քանակությամբ, բայց ստորագրել են ավելի շատի դիմաց: Օրինակ, նախաքննչական  ցուցմունքում նշել են շաբաթվա մեջ 2 օրվա համար բենզին չեն ստացել, իսկ մյուս օրերի համար ստացել է 10-ական լիտր: Վկան դատարանում հայտարարեց, թե քննիչն իրեն հարցրել է` լսել ես նման, ինքն ասել է` այո: Դատավոր Մխիթար Պապոյանը հակադարձեց, որ ցուցմունքում գրված չէ, թե Ենգիբարյանը լսել է, այլ գրված է հաստատական կերպով: «Լսել եմ նման բան, բայց ինձ հետ նման բան չի եղել»,- դատարանում հայտարարեց վկան: Դատավորն ու դատախազը կրկնում էին հարցը, սակայն վկան անդրդվելի էր եւ պպնդեց իր ասելիքը:

Ոստիկանության աշխատակից վկա Հենրիկ Հովհաննիսյանը հայտարարել է, թե գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանից ստացել է 6 հազար լիտր բենզին, սակայն հաշվետվություններում ներկայացրել է 15 հազար: Հարցին, թե հարցրել է արդյոք իր գումարտակի ղեկավարին, թե ինչու է պակաս քանակությամբ բենզին տրվում, վկան ասաց, թե իրեն պատճառաբանել են, որ անվադողեր ու պահեստամասեր են գնելու:

2-րդ գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերյոժա Հակոբյանը դատարանում նկատել է, թե ամսական ստացել է 4-4.5 տոննա  բենզին, սակայն տարբեր ամիսների ստորագրել է այլ թվերի տակ: Օրինակ, 2011թ-ի հունվարից հետո 8-12 տոննայի տակ է ստորագրել: Ի դեպ, վերջին վկան բավականին լավատեղյակ էր հաշվետվության թվերից, պարզվեց, որ քննիչները հարցաքննության ընթացքում ցույց են տվել հաշվետվությունը եւ իրեն ասել են գրի:

Այսօր ցուցմունք է տվել 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատարի տեղակալ Կարո Կարապետյանը, ով եւս պնդել է,թ ե վաշտը քիչ բենզին է ստացել, սակայն ստորագրել են ավելի մեծ թվի տակ: Ընդ որում, բոլոր հարցաքննվածները Մարգար Օհանյանի հետ անմիջական կապ չեն ունեցել, այլ բենզինի կտրոնները ստացել են Ստեփան Կարախանյանից:

Պատշաճ ծանուցված մյուս վկան` Երեւանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը դատական նիստին չէր ներկայացել, եւ դատավոր Մխիթար Պապոյանը դատավարությունը հետաձգեց մինչեւ փետրվարի 2-ը, ժամը 11:30-ը:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

NEWS.am

 

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply