Գիտությունն ու արտակարգ իրավիճակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 27, 2012 16:19
Հունվարի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցով ԱԻՆ նորաստեղծ Գիտատեխնիկական խորհրդի առաջին նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Հունվարի 16-ին Վարչապետի որոշմամբ հաստատվել էր Գիտատեխնիկական խորհրդի ստեղծումը, որի նպատակն է բնական և տեխնածին աղետների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նպաստելը, տվյալ բնագավառի արդիականացումն ու գիտական նորարարության ներմուծումը, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորումը, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացումը։
Խորհրդի կազմում ընդգրկված են Արտակարգ իրավիճակների նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի մի շարք ամբիոնների, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, գիտությունների դոկտորներ և պրոֆեսորներ ու ակադեմիկոսներ։
Բացելով նիստը, նախարար Երիցյանը նշեց, որ Գիտատեխնիական խորհրդի ստեղծումը շուրջ մեկուկես տարվա աշխատանքի արդյունք է։
– Խորհուրդը պետք է լինի հզոր օղակ, որը ուսումնասիրելու է տարբեր աղետների կանխարգելման, հետևանքների վերացման, մշտադիտարկման` ավանդական ու նորագույն, նաև` տիեզերական, աղետների ռիսկի նվազեցման բնագավառի արդիականացման ուղղությամբ մշակվող առաջարկներն ու ներկայացնելու է համապատասխան եզրակացություններ, – ավելացրեց Նախարարը։
Գիտատեխնիկական խորհրդի հիմնական նպատակն է գիտական ոլորտի նվաճումները ծառայեցնել արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու նվազեցմանը։ Խորհրդի անդամները կընդգրկվեն թեմատիկ աշխատանքային խմբերում, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի առանձին ոլորտ։ Խմբերում կքննարկվեն ոլորտի ձեռքբերումները, եղած փորձը, նոր մշակումները, կներկայացվեն կիրառական առաջարկներ` կոնկրետ խնդիրների լուծման համար։
Ելույթների ժամանակ գիտնականները որպես Հայաստանի համար հրատապ խնդիրներ առանձնացրեցին սողանքային երևույթների հիմնարար ուսումնասիրությունը և հակասողանքային միջոցառումների իրականացումը, երկրաշարժերի կանխատեսումը` ըստ տեղանքի և ուժգնության ու այդ կանխատեսումներին համապատասխան սեյսմակայուն շինարարությունը։ Հատուկ ուշադրություն դարձվեց նոր ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությանը։
Հարուստ ավանդույթներով սովետահայ տեսական գիտությունը, ներառելով նորագույն նվաճումները, շատ շուտով կիրառական նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության աղետների ռիսկի նվազեցման, մեր ժողովրդին աղետներից պաշտպանելու ոլորտում։






Facebook
Tweet This
Email This Post
