Ցվետանա Պասկալեւան կոչ է անում վստահել բանակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 27, 2012 13:57
Հայկական բանակն աշխարհին ապացուցել է, որ ինքն ամենամարտունակն է: Հայկական զինված ուժերի կազմավորման 20-ամյա տարեդարձին ընդառաջ հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց բուլղարացի լրագրող, ռեժիսոր եւ հաղորդավարուհի Ցվետանա Պասկալեւան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա ցավով նկատեց, որ Հայաստանն ու Արցախը մշտապես կանգնած են պատերազմի վերսկսման վտանգի առաջ, ուստի հայ զինվորները պետք է լինեն մշտարթուն եւ զգոն:
Պասկալեւան մտաբերեց Արցախյան ազատամարտի հերոսներին, ում հետ ինքը եղել է ռազմի դաշտում: «Նրանց, ում ճանաչում եւ տեսնում էի, նրանց կերպարները փորձում էի իմ ֆիլմերում ստեղծել, որպեսզի ձեր հիշողության մեջ մնան նրանք: Ես բախտ եմ ունեցել շփվելու այդ հերոսների հետ, մնալ կենդանի, նրանց հերոսական կերպարը փոխանցել ձեզ, հայ եւ համաշխարհային պատմությանը»,- ասաց նա:
Պասկալեւայի խոսքով` հայ բանակում ծառայում են սպաներ, ովքեր չափազանց կրթված են, կարող են բանավեճի մեջ մտնել ցանկացած հարցում: Քարոզչական պատերազմում, սակայն, մեր երկիրը զիջում է: «Ունենալով ողջ ճշմարտությունն իր ձեռքերում, այդ թվում եւ փաստաթղթային, ու նաեւ վերջնական եւ հաղթական արդյունքը, հայկական կողմն առավել պասիվ է քարոզչական պատերազմում: Հայերին թվում է` աշխարհը գիտի ակնհայտ ճշմարտությունը»,- ասաց բանախոսը: Աշխարհը, սակայն, իր հոգսերն ունի, նրան ճիշտը պատմել է պետք: Քաղաքական միջավայրը վակուում չէ, այն պատրաստ է լսել ճշմարտությունը: Վառ օրինակը Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն է:
Պասկալեւայի խորհրդով` պետք է ձեռքը միշտ զարկերակին դնել, գործել մոբիլ: Չի կարելի նաեւ չափից դուրս «փորփրել» բանակի ներքին խոհանոցը. բանակն այն տարածությունն է, որին պետք է զգուշությամբ մոտենալ: Նրան պետք է վստահել:






Facebook
Tweet This
Email This Post
