10 տարի Հայաստանում. կներկայացվեն Բրիտանական խորհրդի իրականացված և առաջիկա ծրագրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 27, 2012 12:40

Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 30-ին ժամը 11-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում մամլո ասուլիսով հանդես կգան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ովքեր կներկայացնեն Միացյալ Թագավորության իրականացրած ծրագրերը Հայաստանում և առաջիկա միջոցառումները:

Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունության տասներորդ տարին նշանավորվելու է մշակութային և կրթական միջոցառումների շարքով, որոնք մեկնարկելու են փետրվարին և շարունակվելու ողջ տարվա ընթացքում: Տասնամյա հոբելյանի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Նորաձևության ճանապարհ» ցուցահանդեսը` ներկայացնելով հայ և եվրոպացի տասը նկարիչ-մոդելավորողների համատեղ աշխատանքները:

Այս տարի ավանդական դարձած «Նա/Նե» լրագրողական մրցանակաբաշխությունը կնշանավորվի մրցույթին ներկայացված նյութերի ռեկորդային քանակով և թեմատիկ մրցանակների ավելացմամբ: Փետրվարի 10-ին հայտնի կդառնան այս տարվա Նա/Նե մրցանակակիրները: Միջոցառումները կշարունակվեն Չարլզ Դիքենսի երկուհարյուրամյակին նվիրված ծրագրերով, որոնց ընթացքում դպրոցներում կկազմակերպվեն «Դիքենսյան ռինգ», քննարկումներ և կինոդիտումներ: Միջին մասնագիտական կրթության ոլորտում տասնամյա հոբելյանի շրջանակում կամփոփվի «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը: Քառամյա ծրագրի արդյունքում Ինֆորմատիկայի և Հայ-հունական քոլեջները համագործակցում են Միացյալ Թագավորություն քոլեջների հետ  և ներդրվում են նոր մասնագիտություններ:

Տասնամյա հոբելյանի շրջանակում կկազմակերպվի Բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը, որի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը նվիրված կլինեն 2012թվականի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և մարդու իրավունքներին: Փառատոնի շրջանակում կանցկացվի վարպետության դասընթաց հայ ֆոտոլրագրողների համար:

Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդն աշխատել է անգլերենի տարածման, արվեստի, կրթության և հասարակության բնագավառներում: Աշխատելով անգլերենի ավելի քան 600 ուսուցիչների և մոտ 1500 շահառուների հետ ողջ Հայաստանում` Բրիտանական խորհուրդը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ և նրանց ներկայացնում դասավանդման նորարար մեթոդները, որոնք պարունակում են անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը անգլերենի ուսուցումը հետաքրքիր և գրավիչ դարձնելու համար:

 

Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոնների հետ, կազմակերպվում ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ: Միայն նախորդ տարի արվեստի բնագավառի ծրագրերին մասնակցել, թատերական ներկայացումներն ու ֆիլմերը դիտել են շուրջ 450.000 մարդ: Կրթության և հասարակության բնագավառում իրականացրած WoMen in Politics, EU skills և Active Citizens ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ: WoMen in Politics ծրագրի նպատակն էր  կին քաղաքական գործիչներին հմտություններ և գիտելիքներ փոխանցելու միջոցով նպաստել քաղաքական ասպարեզում կնոջ դերի բարձրացմանը: EU skills ծրագրի վերապատրաստման դասընթացներին մասնակից հարյուրից ավելի քաղծառայողները ձեռք են բերել հմտություններ եվրաինտեգրման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար: Active Citizens ծրագրին մասնակցել

են Վայոց Ձորի և Արմավիրի երիտասարդները, որոնք ծրագրի ընթացքում և ավարտից հետո ակտիվորեն ներգրավվել են համայնքային կյանքում` իրականացնելով իրենց սեփական նախաձեռնությունները: Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը համակարգել է Չիվնինգ և Ջոն Սմիթ կրթաթոշակները` Միացյալ Թագավորությունում ուսանելու հնարավորոթյուն ընձեռելով 96 մասնագետի:

Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը համակարգում է միջազգային ճանաչում ունեցող անգլերենի քննություններ` նախատեսված տարբեր մասնագիտությունների և անգլերենի տիրապետման տարբեր որակավորում ունեցող անձանց համար: Ողջ աշխարհում ճանաչելի IELTS քննության հանձնումը հնարավորություն է տալիս ուսանել արտերկրի լավագույն համալսարաններում:  Միայն նախորդ տարի IELTS և այլ քննություններ հանձնել են ավելի քան 900 մարդ:

 

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply