ԱԺՄ-ական Արտավազդ Վարդանյանն առանց կուսակցության հետ խորհրդակցելու է հրաժարվել Մարտիմեկյան զեկույցի տակ ստորագրելուց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2009 16:53

Այսօր հրավիրած ասուլիսին 14 տարվա ԱԺՄ-ական Արտավազդ Վարդանյանը հերքեց լուրերը, թե  իրեն ուզել են կուսակցությունից հեռացնել այն բանի համար, որ չի ստորագրել Մարտիմեկյան հանձնաժողովի վերջին զեկույցի տակ:

Վարդանյանի խոսքով` վերջնական զեկույցի հրապարակումից հետո ինքը ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանին չի հանդիպել ու մինչև զեկույցի՝ խորհրդարանում ներկայացվելը  դրան ծանոթ չի եղել:

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն «Անկախ»-ին ասաց, որ վարչության նսիտում քննարկվել է Վարդանյանի հարցը, որոշում են կայացրել նրան չհեռացնել, բայց արձանագրել են նրա կողմից կարգապահական խախտումը, իսկ հարցի քննարկումն ընդհատել են մեկ այլ, ավելի հրատապ խնդիր` հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու պատճառով:

«Արտավազդ Վարդանյանն ուներ ազատ որոշումներ կայացնելու լիազորություն, բայց վերջնական որոշումն ընդունելիս պետք է անպայման խորհրդակցեր ինձ հետ,-ասաց Մանուկյանը,- անկախ նրանից` մենք կստորագրեինք արձանագրության տակ, թե ոչ, նա պետք է ինձ հարցներ, քանի որ կուսակցություն էր ներկայացնում: Հիմա չեմ կարող ասել` հետագայում ինչ որոշում կկայացվի նրա այս արարքի կապակցությամբ, քանի որ ուսումնասիրելու ենթակա բազմաթիվ փաստեր կան, օրինակ, որ նա պնդում է, թե վերջին օրն է ստացել հանձնաժողովի զեկույցը»:

Վարդանյանը զեկույցի տակ չի ստորագրել`պատճառաբանելով, որ հանձնաժողովը բոլոր հարցերում փորձել է արդարացնել նախաքննական մարմնին:

«Հանձնաժողովի նախագահ Նիկոյանը մեր ոչ բոլոր հարցերն էր, որ ուղղում էր նախաքննական մարմնին, իսկ ուղղվածներն էլ անպատասխան մնացին,-ասաց նա,- Նախաքննական մարմինը հավաքեց փաստահավաք խմբի կողմից տրամադրված տեսաժապավենները, որ չնայենք: Ես հիմա էլ պնդում եմ, որ համաձայն չեմ այն ձևակերպմանը, թե 10 զոհ է եղել, պետք է ասել`առնվազն 10 զոհ»:

Վարդանյանի կարծիքով` Մարտի 1-ի զոհ Զաքար Հովհաննիսյանին սպանողը ոստիկան է եղել:

«Հանգամանալից չեն ուսումնասիրվել, օրինակ, հայտնաբերված 5 արյան լճակները,-ասաց նա,-Այդ լճակների արյունը չի համեմատվել զոհերի արյան հետ: Եթե պարզվեր, որ կա արյուն ու չի համապատասխանում, օրինակ, զոհերից որևէ մեկի արյան հետ, կստացվեր`եղել է ևս մեկ անհայտ զոհ կամ ծանր վիրավոր»:

Նրա խոսքով` մարտիմեկյան զոհերից Տիգրան Սարգսյանի մահվան հետ կապված փաստերն էլ իրարամերժ են:

«Եթե եղել է 1 կրակոց, ապա բերեք և ցույց տվեք ռենտգենը, որ ապացուցեք ձեր ճշմարտացիությունը,-ասում է Վարդանյանը,- շատ դեպքերում չեն համընկնում նաև զոհերի մահվան ժամանակի հետ կապված ոստիկանապետի ու ոստիկանների տված ցուցմունքները»:

Վարդանյանն ասում է, որ խորհրդարանում իրենից հարցրել են, թե որքան ժամանակ է հարկավոր` իր զեկույցը ներկայացնելու համար: Նա պատասխանել է` 15 րոպե, բայց այդպես էլ հնարավորություն չի տրվել՝այն ներկայացնելու:

Նրա խոսքով` հանձնաժողովի տրված լուծումը պետք է արմատական լինի, որ իրավիճակ փոխի, ոչ թե հիմք դառնա նախադեպի: Վարդանյանն առաջարկում է Սահմանադրությունով ամրագրված հեղափոխություն անելու իրավունք ունենալ:

«Այդ իրավունքը որոշակի դեպքերում պետք է տրվի, երբ ոտնահարվում է ժողովրդի ազգային արժանապատվությունը, երբ կա տարածքների ամբողջականությանը սպառնացող վտանգ,երբ ընտրական իրավունքը կեղծված է»,-ասաց նա:

Նրա կարծիքով`հեղափոխությունից առաջ պետք է անպայման անցկացնել բաց հանրաքվե:

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply