Ինձ համար պատգամավոր դառնալը ոնց որ առաջին դասարան գնալ լինի. Վազգեն Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 26, 2012 19:32

«Դուք, եթե իմ տեղը լինեիք, ինչ կպատասխանեիք՝ կցանկանայի՞ք պատգամավոր դառնալ։ Ինձ համար պատգամավոր լինելը ոնց որ առաջին դասարան գնալ լինի»,– Tert.am–ին ասաց ԱԺՄ կուսակցության և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այսօրվա մամուլում հրապարակված այն լուրը, ըստ որի՝ ՀՀԿ–ն իրեն չի ընդգրկելու իր համամասնական ընտրացուցակում։

«Ես կատեգորիկ դեմ եմ պատգամավոր դառնալուն, ինչու են ինձ տարբեր ցուցակներով անցկացնում խորհրդարան, ես էլ չգիտեմ»,– շարունակեց Մանուկյանն՝ ավելացնելով, որ արդեն մի շաբաթ է, մամուլը իր մասին «ինչ ստեր ասես, չի գրել»։

Մանուկյանը հավաստիացրեց, որ եթե անգամ իր կուսակցությունն առանձին մասնակցեր խորհրդարանական ընտրություններին և հաղթեր, ինքը ցուցակից կհաներ իր անունը։ «Ախր էդ պատգամավոր դառնալն ինչ է, որ էդպես խառնվել են իրար, էդ ինչ փորացավ է կպել բոլորին»,– ամփոփեց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ «Երկիր» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, թե ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց տեղն ունեն ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը և ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը: «Ըստ թերթի աղբյուրների՝ դժվար է Վազգեն Մանուկյանի հարցը: Շշուկներ կան, որ ՀՀԿ ղեկավարությունը փոշմանել է նրան խորհրդարան բերելու մտադրությունից: Փակված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ընդգրկելու հարցը»,– մասնավորապես գրել է թերթը։

Tert.am–ը փորձեց տեղեկություն ստանալ նաև ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից, սակայն նրա հեռախոսին պատասխանած կինը տեղեկացրեց, որ Հայրիկյանը քաղաքում չէ և կվերադառնա մի քանի օրից։

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply