ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը Բրյուսելում

Պաշտոնական, Օրվա լուր | | January 26, 2012 18:19


Հունվարի 25-26-ը Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 8-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

 

Բանակցությունների արդյունքում էական առաջընթաց գրանցվեց ապագա համաձայնագրի հիմնական նպատակների և սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության և արդարադատության  ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

 

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ մինչ օրս բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ:

 

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հաջորդ լիագումար հանդիպման շրջանակներում հնարավոր կլինի մեկնարկել նաև բանակցությունները` Հայաստանի և ԵՄ միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու վերաբերյալ ասոցացման համաձայնագրի համապատասխան բաժինների շուրջ:

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության հետ ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները փետրվարի վերջին սկսելու վերաբերյալ:

 

Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին Երևանում:

 

 

 

 

 

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply