Թեղուտում օրենքը չի գործում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | January 26, 2012 16:53
Թեղուտում օրենքով չի կարելի տնտեսական գործունեություն ծավալել: Այսօր, լրագրողներին ներկայացնելով Թեղուտում հանք շահագործելու դեմ առկա օրենսդրությունը, “Թռչկան” նախաձեռնող խմբի ակտիվիստ, իրավաբան Ռուզաննա Ղազարյանը մատնանշեց Թեղուտում հանք շահագործելու օրենսդրական արգելքները: Հայաստանի Հանրապետությունը 1995 թվականին ընդունել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենք, որի մեջ հստակ գրված է, որ այն տարածքում, որտեղ կա պատմամշակութային հուշարձան, նույնիսկ էկոլոգիական փորձաքննություն չպետք է արվի` ի սկզբանե չպետք է արվի:
“Այսինքն` նախատեսվող ցանկացած տնտեսական գործունեություն անելուց առաջ պետք է արվեր փորձաքննություն: Բայց այս պարագայում, երբ այնտեղ պատմամշակութային հուշարձան կա, խստիվ, կտրականապես արգելվում է անել: Հիմա եթե որոշենք պայքարել այդ հարցի համար, մենք ունենք երկու գերատեսչություն` մշակույթի և բնապահպանության նախարարությունները, որոնք ի սկզբանե պարտավոր էին անել, բայց, երևի, մոռացել են ու չեն արել իրենց գործը: Մենք այժմ, միգուցե կարողանանք մեր ակտիվ մասնակցությամբ նրանց հիշեցնել, որ դա իրենց պարտականությունն է: Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման պատասխանատուն` վերահսկողը, բնապահպանության նախարարությունն է, ու տվյալ դեպքում օրենքը չի կիրառվել”,- հայտնեց Ռուզաննա Ղազարյանը:
Նա ասաց նաև, որ եթե օրենքը թյուրիմացաբար չի կիրառվել, եթե սխալմամբ տրվել է էկոլոգիական փորձաքննության դրական եզրակացություն տվյալ տարածքում, որտեղ չպետք է իրականացվեր տնտեսական գործունեություն, ապա բնապահպանության նախարարությունը պարտավոր է օրենքը պահպանել` տվյալ դեպքում բնապահպանական օրենքը, և այդ օրենքից ելնելով`պարտավոր է վերացնել կամ չեղյալ հայտարարել իր նախկին տրված կամ գոնե ձեռնարկել միջոցառումներ` նվազագույնի հասցնելու այդ վնասները, որ պիտի հասցվեն պատմամշակութային հուշարձաններին:






Facebook
Tweet This
Email This Post
