Թեղուտում թաղվում է Հայոց պատմությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2012 16:43

Թեղուտում պատմամշակութային  հուշարձանները անհետացման վտանգի տակ են: Հանքի նախատեսվող շահագործման  տարածքը շատ մեծ է` շուրջ 1500 հեկտար, և այդ տարածքում պատմամշակութային հուշարձաններ շատ կան: Այսօր լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազագագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը: Նա մասնավորեցրեց, որ   դա Հայաստանի ամենաբարեբեր հատվածներից մեկն է` բարձրությունը ծովի մակերևույթից ամենացածր կետում 600 մետր է, իսկ ամենաբարձր կետը` շուրջ 900 մետր: Այդ բարեբեր գոտին, բնականաբար, պետք է մարդու կողմից օգտագործվեր դեռևս շատ վաղ շրջանից, որի վկայությունները արդեն գտնվել են երեք տարվա պեղումների ընթացքում:

“Այդ տարածքում հայտնաբերվել է Ն.Ք. 3-րդ հազարամյակի, այսինքն` մեզանից շուրջ 5 հազար տարվա վաղեմություն ունեցող երեք հուշարձան, որը բացարձակապես նորություն է մեր ժողովրդի պատմության և մեր մշակույթի պատմության համար: Պեղումները դեռ նոր են սկսվել, դրանք դեռ պետք է ծավալվեն, որպեսզի մենք կարողանանաք գիտական վերջնական եզրակացությունների հանգել: Բայց արդեն այն փաստը, որ հայտնաբերվել են նման վաղեմության շատ հետաքրքիր հուշարձաններ, շատ կարևոր է: Այդ տարածքում կան բազմաթիվ հուշարձաններ, և դրանց թիվը հստակ ասել այսօր ոչ ոք ի վիճակի չէ, որովհետև դրանց մեծ մասն արտաքին նշաններ չունեն, և դրանք հայտնաբերվում են ազգագրական և հնագիտական համադրմամբ, այսինքն` զրուցում ենք Թեղուտ և Շնող գյուղերի բնակիչների հետ` պարզելու համար, թէ  որտեղից ինչ է հայտնաբերվել”,- հայտնեց  Սուրեն Հոբոսյանը:

Հնագետն նշեց, որ  հուշարձանները վտանգված են, հատկապես բուն հանքավայրի տարածքում` Դուքանաձորում:

“Հաջորդ տեղամասը, որ մենք ընտրեցինք, որտեղ “Թեղուտ” ՓԲԸ-ի տարածքի այսօրվա մուտքն է: Ճանապարհի շնարարության ժամանակ նկատել էինք ինչ-որ խեցեղենի հետքեր: Այդտեղ 2009 թվականին պեղեցինք 12 դամբարան` մ.թ.ա. 1-ին հազարամյակի 9-8-րդ դարերի, և պեղեցինք միջնադարյան երեք հնձան, որոնք շատ հետաքրքիր են այն առումով, որ առաջինն են նման տեխնոլոգիա ենթադրում և բացառիկ հետաքրքրություն են են ներկայացնում գինու արտադրության պատմության համար”,- պատմեց հնագիտական արշավախմբի ղեկավարը:

Բնախոսը հայտնեց նաև, որ պոչամբարի տարածքում կան հուշարձաններն, որոնք, եթե ինչ-որ արտակարգ ծրագրեր չմշակվեն, պարզապես կոչնչանան: Իսկ այդ հուշարձաններից է 2011 թվականին պեղված վաղ բրոնզեդարյան բնակավայրը, որը, ենթադրվում է, որ պետք է լինի 4800 տարվա հնության:

“Հետագա պեղումները ցույց կտան, թե դա ինչ է և մեր ենթադրությունները որքանով են ճիշտ:

Նույն այդ պոչամբարի տարածքում 2011 թվականին մենք պեղեցինք երկու նոր հնձան, և պեղեցինք տարբեր դարաշրջանների 40 դամբարաններ: Բարեբախտաբար դրանք գտնվում են պոչամբարի պատվարից դուրս: Դրանք ավերման, առայժմ, ենթակա չեն”,- նշեց Սուրեն Հոբոսյանը:

Ամենակարևոր հայտնագործությունը և’ գիտական, և’ բոլոր առումներով  եղել է Ձորիգեղում 2010 թվականին և Խառատանոցում` 2011 թվականին: Դրանք վաղ բրոնզեդարյան բնակավայրեր են, որոնք վկայում են կուր-արաքսյան վաղ բրոնզեդարյան մշակութային շերտի գոյության մասին:

 

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply