Ի՞նչ է դատական սանկցիան և ե՞րբ է այն կիրառվում

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 4, 2012 7:00

ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն. «Բոլորը պարտավոր են դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորել:Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելն առաջացնում է դատական սանկցիայի կիրառում, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պատասխանատվություն: Դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս»:

Դատական սանկցիան դատարանի կողմից կիրառվող պատասխանատվության տեսակ է, որն ուղղված է դատական նիստի բնականոն ընթացքի ապահովմանը: Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը. դրա նպատակը ոչ թե անձին պատժելն է, այլ դատարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելը:

Դատական սանկցիայի կիրառման հիմքերն են`

  • դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելը,
  • նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելը,
  • դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելը կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը (դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու դրսևորում կարող է լինել, օրինակ, նույն միջնորդությունը երկու րոպե պարբերականությամբ կրկնելը, որի նպատակը ոչ թե միջնորդության բավարարմանը հասնելն է, այլ դատական նիստը խափանելը):

ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածը սահմանում է սանկցիաների հետևյալ տեսակները և դրանց կիրառման պայմանները.

1) Նախազգուշացում, որը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ և կարող է կիրառվել դատական նիստերի դահլիճում գտնվող ցանկացած անձի նկատմամբ:

2) Հեռացում նիստերի դահլիճից, որը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ: Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով՝ դատական կարգադրիչների միջոցով: Այս սանկցիան կարող է կիրառվել դատական նիստերի դահլիճում գտնվող ցանկացած անձի նկատմամբ:

Քրեական գործի քննության ժամանակ մեղադրյալի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է մինչև երկու շաբաթ ժամկետով: Կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը չի հաշվվում պատժի ժամկետի մեջ:

3) Դատական տուգանք (մինչև 100.000 դրամ), որը կիրառվում է դատավարության մասնակիցների և գործին մասնակցող անձանց նկատմամբ: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ և կամովին չկատարելու դեպքում կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման կարգով: Տուգանքի չափը որոշելիս հաշվի է առնվում թե՛ արարքի ծանրությունը և թե՛ կատարողի անձը:

4) Դատախազին կամ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ (պարտադիր հիմք է նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար):

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply