Շատ պարապելը հանգեցնում է սթրեսի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 1, 2012 14:21

Ըստ մասնագետների՝ դեղահաբը մեկն է՝ պետք է պարապել ռեժիմով ու քիչ ծանրաբեռնվածությամբ

«Քննությունն ինձ համար միշտ տոն է»,-  այս հայտնի արտահայտությունը թերևս չի վերաբերում մեր զրուցակից, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Իրինա Ստեփանյանին:  Երրորդ կուրսի ուսանողուհին քննություններին լավ պատրաստվելու պատճառով հայտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ:

– Քանի որ Ամանոր էր, չէի հասցրել նախօրոք պատրաստվել հունվարի 10-ին նշանակված քննությանը: Երկու օր առաջ սկսեցի պատրաստվել: Հունվարի 8-ի երեկոյան ժամը յոթն էր, դեռ 20 հարցի չէի հասցրել անդրադառնալ: Ուստի տասնհինգ րոպե հաճախականությամբ մի բաժակ սև սուրճ էի խմում, որ գիշերը կարողանամ արթուն մնալ ու պարապել: Երբ չորս բաժակ սուրճ արդեն խմել էի, զգացի, որ հակառակ երևույթն է իմ մեջ սկսվում: Գլուխս անընդհատ պտտվում է, աչքերիս առաջ` սևանում… Տարօրինակ զգացողություն էր… Մեկ էլ արթնանում եմ ու տեսնում, որ պառկած եմ անկողնում, կողքիս էլ բժիշկներ են նստած: Պարզվեց՝ ճնշումս ահավոր բարձրացել էր, և ընկել էի ինչ-որ տարօրինակ շոկի մեջ: Հաջորդ օրն ի վիճակի չէի քննության ներկայանալու, ուստի ստիպված պիտի «բաց դռների» կամ էլ «լիկվիդի» ժամանակ հանձնեմ այն,- «Անկախի» հետ զրույցում պատմեց քննության «զոհ» դարձած ուսանողուհին:

Այսպիսի իրավիճակներում հայտնվելու պատճառն այն է, որ ուսանողների մի ականջից մտնում, մյուսից դուրս են գալիս դասախոսների հորդորները, թե քննությանը պատրաստվեք ոչ թե վերջին մի քանի օրում, այլ՝ դասերի ընթացքում: Մյուս կողմից էլ մի քանի օրում անգիր արած գիտելիքները որքան շուտ հայտնվում, այնքան արագ էլ դուրս են թռչում գլխից: Մի քանի օրում մի քանի գիրք կարդալը և ուղեղի  այլ կարգի ծանրաբեռնումները, ըստ բժիշկների, կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

Չնայած Հայաստանում դեռ 2006-ից ներդրվել է Բոլոնիայի գործընթացը, որ ենթադրում է՝ ուսանողը պետք է պարապի ամբողջ կիսամյակի ընթացքում, այնուամենայնիվ, ընթացիկ գրավոր աշխատանքները հանձնելուց բացի, պատահում են նաև բանավոր պարտադիր քննություններ: Հենց այդ քննությունների ժամանակ էլ որոշվում են ուսանողի իրական գիտելիքները:

Թերապևտ Մարինե Սիրունյանն ասում է, որ շատ պարապելն ու անկանոն սնվելը հանգեցնում են առողջական խնդիրների՝ սթրեսից մինչև լուրջ հիվանդությունների.

– Գիտեք, ուղեղի ծանրաբեռնվածությունից կարող են առաջանալ նույնիսկ նևրոզներ: Չնայած բժշկության մեջ նևրոզները հիվանդություն չեն համարում,  դրանք կարող են բազում լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Ցավոք, այսօր երիտասարդների շրջանում երեքից մեկը վեգետանևրոզ ունի, այսինքն՝ գործառութային խանգարումներ: Իսկ ծանրաբեռնվածությունից կարող են առաջանալ ճնշման տատանումներ, անքնություն, թթվածնային քաղց ու այլ բարդություններ:

Նմանօրինակ բարդություններից խուսափելու համար թերապևտը ուսանողներին խորհուրդ է տալիս.

–  Առույգ լինելու համար անհրաժեշտ է գիշերը գոնե 7 ժամ քնել: Ամեն օր պիտի զբաղվել մարմնամարզությամբ: Քննական շրջանում լավ կլինի, որ երիտասարդները մեղրաջուր խմեն, շատ միրգ ուտեն, սնվեն սպիտակուցներով հարուստ սննդով: Քանի որ քննություններին պատրաստվելիս ուսանողները շատ են հոգնում, անհրաժեշտ է կուտակել դրական լիցքեր՝ օրվա ընթացքում գոնե կես ժամ սիրած գործով զբաղվելով և երաժշտություն լսելով: Այս ամենը պահպանելու դեպքում ուսանողները կարող են և՛ պարապել ու չհոգնել, և՛ հրաշալի արդյունք ցույց տալ քննության ժամանակ:

Նարինե Կիրակոսյանը սովորում է Երևանի պետական համալսարանում՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում: Ասում է՝ շատ չի պարապում, այնքան, որ հնարավոր լինի գնահատական ստանալ:

– Կխաբեմ, եթե ասեմ` հոգեկան հիվանդի նման ամբողջ օրը պարապում եմ ու էլ ոչինչ չեմ անում: Չէ, դպրոցում էլ, այստեղ էլ նորմալ պատրաստվում եմ: Ինձ համար ավելի կարևոր են մասնագիտական առարկաները, որոնց բարեխղճորեն պատրաստվում եմ, իսկ մնացած առարկաները չեմ կարող ասել, թե կարևոր չեն, բայց դե մի քիչ մատների արանքով եմ նայում,- անկեղծանում է ուսանողուհին:

Մեզ հետ զրույցում ուսանողների մեծ մասը խոստովանեց, որ չի հաջողվում դասերի ընթացքում պարապել, և գրեթե ամեն ինչ թողնում են վերջին օրերին: Նաև համաձայնեցին բացահայտել որոշ ուսանողական գաղտնիքներ, որոնք կարող են բարձր գնահատական ստանալու երաշխիք դառնալ:

Իհարկե, նրանցից ոչ մեկը չխոսեց կաշառք տալու ձևերի և պայմանների մասին: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Ամալյա Հարությունյանը նկատեց.

–  Երբեմն դասախոսի հնչեցրած հարցից հնարավոր է լինում կռահել ճիշտ պատասխանը:

Ապագա հոգեբան Մարիաննա Հայրապետյանն էլ ասաց.

– Եթե տվյալ հարցի պատասխանն այնքան էլ լավ չգիտես, չպետք է հրաժարվել պատասխանելուց: Պարզապես պատասխանելու ժամանակ անհրաժեշտ է նայել դասախոսի հոնքերի միջև եղած տարածությանը: Դա շեղում է զրուցակցի ուշադրությունը, և նա չի էլ հասկանում, որ չի լսում դիմացինի ասածները: Այս թեզը ոչ թե ես եմ հորինել, այլ ապացուցվել է հոգեբանական բազում փորձերի ընթացքում:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply