«Հալվա, հալվա ասելով` բերանդ չի քաղցրանա»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Գևորգ Ավչյան | February 2, 2012 7:00
Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական վիճակն անհանգստացնող է. մենք դասվում ենք նվազող ազգաբնակչությամբ երկրների շարքը: Եվ որքան էլ կառավարությունը հայտարարում է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության մասին, դրանից վիճակն առանձնապես չի փոխվում: Յուրաքանչյուր ազգի, երկրի կամ պետության համար այս ցուցանիշը հատկապես կարևոր է ինքնապահպանման տեսանկյունից:
Ըստ մեթոդաբանության` գոյություն ունի ծնելիության գումարային գործակից, որը յուրաքանչյուր կնոջ համար պետք է լինի 2.1, որպեսզի ազգը վերարտադրվի, իսկ աճի համար այդ գործակիցը պետք է լինի 2.2-ից բարձր: Այսինքն` մեկ կինն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է երկու երեխայից ավելին ունենա: Այս գործակցով աշխարհի երկրները բաժանվում են 4 խմբի` անհետացող, կրճատվող, բայց դեռևս չանհետացող, պահպանվող` թվաքանակը պահպանող և աճող երկրներ: Մենք գտնվում ենք երկրորդ խմբում` կրճատվող, բայց չանհետացող երկրների շարքում:
«ՄԱԿ-ի տվյալների հիման վրա արվել են որոշ կանխատեսումներ: Եվ յուրաքանչյուր երկրի համար այդ կանխատեսումներն արվել են երեք սցենարով` հոռետեսական, միջին և լավատեսական: Այս երեքից ամենառեալն ընդունված է համարել միջին սցենարը: Անգամ այդ սցենարով Հայաստանը մինչև 2100 թ. կունենա ազգաբնակչության թվաքանակի անկում` մինչև մոտավորապես 2.2-2.3 միլիոն, հոռետեսականով 1.3 միլիոն բնակչություն կունենա, իսկ լավատեսականով բնակչության թիվը կհասնի մոտ 4 միլիոնի»,- հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Այս երևույթը, բացի հայ տեսակի պահպանման կարևորագույն հարցին ուղղված մարտահրավեր լինելուց, իր հետ կարող է բերել մի շարք խնդիրներ` սոցիալ-տնտեսական, քաղաքականության փոփոխության, բանակի համալրման հետ կապված և այլն:
Հայաստանում ծնունդների թվի գագաթնակետը եղել է 1990 թվականը, երբ ծնվեց 79 հազար 782 երեխա: Սակայն հետագա տարիներին` մինչև 2001 թվականը ներառյալ, մեզ մոտ ծնունդների անընդհատ կրճատում դիտվեց, և մենք ծնունդների մակարդակով հատակում հայտնվեցինք 2001 թ., երբ շուրջ 32 հազար ծնունդ ունեցանք, այսինքն` 2.5 անգամ ավելի քիչ, քան 1990 թ.: 2001 թ. հաջորդեց ծնունդների թեկուզև փոքր, բայց հետևողական աճը, և 2002-2010 թթ. ընթացքում մեր վիճակագրությունն արձանագրեց ծնունդների աճ: Այսպես. 2001 թ.` շուրջ 32 հազար, 2010 թ., որը ազգային վիճակագրական ծառայության կողմից ամփոփված վերջին տարին է, 44 825 ծնունդ: Այժմ Հայաստանում ծնելիության գործակիցը 1.5-ի սահմաններում է:
Շատ հետաքրքիր է այս առումով մեր տարածաշրջանի երկրների վիճակը: Եթե դիտարկենք Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը, ապա շատ մոտ ենք Վրաստանին, բայց ինչ-որ չափով ավելի լավ վիճակում ենք, որովհետև այնտեղ ծնելիության գործակիցն ավելի ցածր է: Լավ վիճակում չէ նաև Ռուսաստանը: Ինչ վերաբերում է մեր մյուս երեք հարևաններին` Իրանին, Ադրբեջանին և Թուրքիային, ինչպես հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը, նրանք մուսուլմանական հասարակարգեր են, իսկ ավանդական մուսուլմանական հասարակարգում միշտ էլ ծնելիությունը բարձր է եղել:
«Ադրբեջանում և՛ լավատեսական, և՛ հոռետեսական սցենարների դեպքում կլինի որոշակի աճ, որովհետև այնտեղ ծնելիությունը 2.1-2.3-ի սահմաններում է, ու , բացի այդ, այնտեղ կան նաև բավականին մեծ թվով վերարտադրության տարիքի մարդիկ, որոնք դեռևս կպահպանեն ժողովրդագրական աճի իներցիան»,- նշեց Գարիկ Հայրապետյանը:
Այս առումով, փաստորեն, մենք այնքան էլ լավ իրավիճակում չենք, քանի որ երկու կողմից ունենք «վտանգավոր հարևաններ»` աճող ժողովրդագրական ցուցանիշներով:
Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են ժողովրդագրական վիճակի վրա` զբաղվածությունը, եկամուտները, բարոյահոգեբանական ոլորտի զանազան խնդիրները, երեխային մեծացնելու, կրթության, ծառայության խնդիրների տեսլականը, բնակարանային պայմանները, սոցիալ-կենցաղային պայմանները և այլն: Այդ խնդիրներն է, որ պետք է լուծի պետությունը, որպեսզի իր քաղաքացիներին խրախուսի շատ երեխաներ ունենալու հարցում: Այդ առումով պարբերաբար հայտարարվում է, թե տարվում է լուրջ աշխատանք: Մեր երկիրը նույնիսկ ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգ ունի: Որպես այս խնդրի լուծմանն ուղղված քայլ` նշվում են 2008-ից ներդրված ծննդօգնության պետական հավաստագիրը, «բնակարան երիտասարդներին» ծրագիրը և այլն:
«Հաշվի առնելով` որ Հայաստանի Հանրապետությունում ընտանիքների մի ստվար մասը հրաժարվում է ընդլայնված վերարտադրությունից, իսկ ընդլայնված վերարտադրություն է համարվում, եթե կինն իր ծնունակ տարիքում ծնում է ավելի քան 2 երեխա, որոշում ընդունվեց հատկապես խրախուսել երրորդ ծնունդը, որը թեկուզ հենց ֆինանսական առումով բավականին շոշափելի է: Առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում տրվում է 50 հազար դրամ միանվագ նպաստ, սակայն արդեն չորրորդ տարին է, ինչ երրորդ երեխայի կտրվածքով ծնունդների խրախուսումն էականորեն բարձր է` 430 հազար դրամ»,- հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:
Այս բոլոր ծրագրերը լուրջ արդյունքներ չեն տալիս: Ուրեմն պետք է անհապաղ ինչ-որ ավելի լայն ու լուրջ ծրագրեր իրականացնել: Որովհետև երբ ծնելիության գործակիցն իջնում ու հասնում է 1.5-1.6-ի ու պահպանվում է մի որոշակի ժամանակ, հետո դա բարձրացնելը գործնականում հնարավոր չէ: «Եթե Հայաստանը, իր տնտեսական հնարավորություններից ելնելով, այժմ չկարողանա այս հարցը լուծել, հետո երբեք չի կարողանա: Ֆինանսական խրախուսանքներով, տարբեր ծրագրերով դա անել հնարավոր չի լինի»,- պարզաբանեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Հայ մասնագետները առաջարկում են բազմաթիվ միջոցներ` «ամենաանմեղ» փոքրիկ ծրագրերից մինչև ռադիկալ փոփոխությունները թե ՛ պետական քաղաքականության և թե ՛ մարդկանց գիտակցության մեջ:
Եվրոպական զարգացած երկրները, որոնք նույնպես ժողովրդագրական խնդիր ունեն, օրինակ` Ֆրանսիան, սկանդինավյան երկրները, ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի, այս ասպարեզում հաջողության չեն հասել: Չնայած այս երկրները լուրջ միջոցներ են նախաձեռնել` սկսած ուղղակի վճարումներից և վերջացրած որոշակի քաղաքականության վարումով, այդ թվում նաև հետծննդյան արձակուրդի ժամանակ կնոջ աշխատավարձը մինչև 100 տոկոսով պահպանելը, մանկապարտեզների ապահովումը, ոչ միայն մորը, այլև հորը հետծննդյան արձակուրդ տալը և այլն: Լավագույն փորձը Շվեդիայինն է, որ կարողացել է իր երկրում ծնելիության մակարդակը 1.4-ից հասցնել 1.9-ի, բայց ինչ-որ մի ժամանակահատված: Դրանից հետո` այս վերջին տարիներին, այնտեղ էլի թեթև անկում է նկատվում:






Facebook
Tweet This
Email This Post
