Լվացքի փոշիներ. ի՞նչ վտանգ են թաքցնում
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | February 1, 2012 7:00
Հեռուստացույցից գովազդվող լվացքի պարագաներ. հավատալով դրանց` իսկույն փորձում ենք մեկը, ապա` մյուսը: Սակայն երբեք չենք խորանում այդ գերփոշիների առավելությունների մեջ, իսկ գովազդների հեղինակներն էլ երբեք չեն իրազեկում, թե ինչ գնով են ստացվում արդյունքները: Չեն պատմում երբեք, օրինակ, որ փոշիների պարտադիր բաղադրիչ ֆոսֆատները ուժեղ թույներ են:
Մենք էլ սրբորեն հավատում ենք կամ էլ մտքներովս իսկ չենք անցկացնում, որ գովազդվող ապրանքը կարող է թունավոր լինել ու վտանգել մեր առողջությունը: Ուրեմն հիշենք, որ լվացքի մաքրող պարագաներ վաճառողները պարզապես չեն կարող անկեղծ լինել: Եթե կասկածում եք, ապա փորձեք հիշել մի մաքրող հեղուկ կամ փոշի, որի փաթեթավորման վրա նշագրում լինի այն մասին, որ եթե ձեր խոլեստերինի կամ էլ շաքարի մակարդակը բարձր է արյան մեջ, եթե ձեզ թոքերի այտուց ունեք, նյարդային գերլարում, մաշկի բորբոքում, ապա այդ խանգարումները կարող են այս կամ այն լվացքի փոշու կիրառման հետևանքով լինել:
Իհարկե, երբեք չեք կարդա, քանի որ նման նշագրում պարզապես գոյություն չունի: Որովհետև, եթե գործի դրվեն աշխարհում սահմանված նոր չափորոշիչները, ապա շուկայում ներկայացված մաքրող պարագաների 95%-ը պետք է վերացվի: Դեռևս 60-ականներին են հետազոտել սինթետիկ լվացող միջոցների` շրջակա միջավայրի ու մարդու վրա թողած ազդեցությունը: Ստացված տագնապալի արդյունքները համապատասխանում էին արտասահմանցի մասնագետների կատարած հետազոտությունների արդյունքներին, բայց եթե դրսում մտածում են, թե ինչպես բարելավեն վիճակը, ապա մեր կողմերում այդ արդյունքները ոչ միայն հասարակայնությունից, այլև մասնագետներից են ծածուկ պահում` բժիշկներից, քիմիկոսներից, էկոլոգներից, հոգեբաններից: Ավելի քան 50 զարգացած երկիր 80-90-ականներին սահմանադրորեն սահմանափակեց կամ լրիվ արգելք դրեց ֆոսֆատի պարունակությամբ միջոցների կիառման վրա: Դրանց փոխարեն ներդրվեցին քիչ ֆոսֆատով կամ դրա լրիվ բացակայությամբ ցեոլիտների հիմքով սինթետիկ լվացող միջոցներ:
Այսօր Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում ու Նիդեռլանդներում գործում է օրենք, որն արգելում է լվացող միջոցներում ֆոսֆատի կիրառումը: Այս երկրներում նույնիսկ ավտոմեքենայի շամպունն է առանց ֆոսֆատի արտադրվում: Իսկ Ճապոնիայում դեռևս 1986-ից լվացող միջոցներում ֆոսֆատներ ընդհանրապես չկան:
Ինչո՞վ է վտանգավոր մեծ լվացքը
Պարզվում է, որ լվացող միջոցները, հատկապես փոշիները համաշխարհային գիտությունը դասակարգում է ամենավտանգավոր քիմիական նյութերի շարքը, որոնք վնաս են հասցնում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին: Հիմնական նյութերը մակերեսային ակտիվ նյութեր կոչված բաղադրիչներն են: Դրանք թույների ներգործություն ունեն, թոքերում առաջացնում են այտուց, էմֆիզեմա, լյարդի բջիջների ֆունկցիայի խանգարում, նպաստում են խոլեստերինի մակարդակի բարձրացմանը, սրում են սրտի և ուղեղի անոթների աթերոսկլերոզային երևույթները, խափանում են նյարդային ազդակների հաղորդումը կենտրոնական նյարդային համակարգ:
Բացի այդ, ֆոսֆատներն ահավոր մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Լվացքից հետո կեղտաջրերը լցվում են ջրամբարներ, ու սկսում են գործել որպես հումուս: Ագրեսիվ կապտականաչավուն ջրիմուռները ժամ առ ժամ են հասունանում ու տարածվում, որոնք էլ մեծ ջրային տարածքներում կանաչ մակընթացություն են ստեղծում: Դրանք քայքայվելով հսկայական քանակությամբ մեթան, ամոնիակ, ծծմբաջրածին են արտադրում, որոնք սպանում են ամեն կենդանի բան: Դրանց տարածումը, ապա դրանցով դանդաղ հոսող ջրերի խցանումը հանգեցնում է ջրամբարների էկոհամակարգերի խախտումների, թթվածնափոխանակման ծավալի փոփոխման, դժվարացնում բնակչության ջրամատակարարումը:
Եվ բանն այն է, որ թանկ գին վճարելով համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերին, ինչպիսին «Թայդն» ու «Արիելն» են, մտքներովս անգամ չենք անցկացնում, չգիտենք, որ նույն ապրանքարտադրողները «մեր կողմերում» արտադրում են այն բաղադրությամբ, ինչն արգելված է սեփական երկրում: Ցանկացած նոր տեխնոլոգիա մեծ ծախսեր է պահանջում. բնականաբար, վաճառում են այն, ինչ ունեն: Ժողովուրդն էլ գնում է այն, ինչ միշտ է գնել` առաջնորդվելով այն մտայնությամբ, թե արժե՞ ինչ-որ բան փոխել, եթե ցեոլիտային փոշիների ինքնարժեքը 20%-ով ավելի է ֆոսֆատայիններից: Ի դեպ, ցեոլիտային փոշիներից վնասն ավելի քիչ է: Ով եղել է արտասահմանում, անպայման նկատած կլինի, որ սպիտակեղենից բուրմունք չի տարածվում, այսինքն` չեն օգտագործում արոմատիզատորներ, իսկ մեզ մոտ դա ասես շքեղության պարտադիր պայմաններից լինի:






Facebook
Tweet This
Email This Post
