Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը մտահոգիչ է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 26, 2012 15:52

«Ցմահ ազատազրկում. 2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրից մինչև 2011թ.-ի ՀՀ քր. օրենսգրքի վերջին փոփոխությունները». այսօր Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախաձեռնությամբ կլոր սեղանի շուրջ այս թեմայով ծավալվեց քննարկում, որին մասնակցում էին պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, անկախ մասնագետներ, ցմահ դատապարտյալների հարազատներ:

Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ: Այս թիվն, ըստ «Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության» անդամ Զարուհի Մուրադյանի, բավականին մեծ է երկուսուկես միլիոն բնակչության պարագայում: Այս թվի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը` Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ, ինչպես նաև ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` Ազգային ժողովում դատաիրավական բարեփոխումների փաթեթի լսումների ժամանակ:

Եթե համեմատելու լինենք Հայաստանի բնակչության չափ բնակչություն ունեցող այլ երկրների հետ, այս թվով Հայաստանը ոչ թե առաջատար է, այլ գերառաջատար: Օրինակ, Էստոնիայում ցմահ ազատազրկվածները 6-ն են, Սլովակիայում` 4-ը: 2 մլն. բնակչություն ունեցող Սլովենիայում` 6-ը, 16.5 մլն բնակչություն ունեցող Նիդեռլանդներում` 120-ը, 38 մլն բնակչություն ունեցող Լեհաստանում` 200-ը և այլն:

«Եվրոպական երկրների օրենսդրությունները բավականին ճկուն մեխանիզմներ են կիրառում ցմահ ազատազրկման նշանակման, կիրառման և վաղաժամկետ ազատ արձակման հարցերում` առանձնացնելով մի քանի գործոն` հանցագործության կատարման պահին անձի տարիքը, դատվածությունների քանակը, կատարված արարքի ծանրության աստիճանը, սպանությունների քանակն ու տեսակը, դատապարտյալի անձը,-թվարկեց Զարուհի Մուրադյանը,-Հայաստանի ցմահ դատապարտյալների 104 հոգանոց բանակը ևս միատարր չէ, կան տարբերություններ` սկսած տարիքային ցենզից մինչև դատվածությունների քանակ, սակայն որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ»:

Հայաստանում 100 ցմահ դատապարտյալներից (100-ի նկատմամբ է դատավճիռը մտել օրինական ուժի մեջ) 41-ը դատապարտվել է 1 անձի սպանության մեղադրանքով, 41-ից 26-ը` առաջին դատվածությամբ, 26-ից 2-ն էլ պատիժը կրում են արդեն 15 տարի: 100 ցմահ դատապարտյալներից 15-ը դատապարտվել է զինծառայության ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների մեղադրանքով` 18-20 տարեկանում, 100-ից 59-ը` երկու և ավելի անձանց սպանության համար:

Քրեական գործերի միջև եղած լուրջ տարբերությունները հասկանալու համար Մուրադյանը նշեց, որ Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան մինչև 8 անձանց սպանության մեղադրանքով դատապարտպածներ և բազմակի դատվածություններ ունեցողներ, բայց կան, օրինակ, 2  անձիք, ովքեր դատապարտվել են սոսկ հանցագործությանը օժանդակելու համար: «Եվրոպական երկրների ճկուն մեխանիզմները մեզանում դեռ չկան,-ասաց նա,-մենք դեռ չունենք ոչ ռեժիմների փոփոխում, ոչ ուսուցում, ոչ հոգեբանական և ռեաբիլիտացիոն լուրջ ծրագրեր: Ամեն ինչ թողնված է դատապարտյալների անհատական որակների վրա»:

Նշենք, որ դեռևս 1980 թ. Կարակասում ՄԱԿ-ի 6-րդ Կոնգրեսի ժամանակ արձանագրվել է, որ ցմահ դատապարտումը հակասում է պատժի նշանակությանը, եթե չեն կիրառվում մարդուն հասարակություն վերադարձնելուն ուղղված գործուն քայլեր:

Կլոր սեղանի շուրջ քննարկվեց նաև 2003 թ. ՀՀ Նախագահի հրամանագիրը Մարդու իրավունքների կոնվենցիայի տեսանկյունից: Որոշ իրավաբանների կարծիքով, ՀՀ նախագահի հրամանագիրն, ըստ որի մահապատժի դատավճիռը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, հակասում է ինչպես մեր օրենսդրությանը, այնպես էլ ՄԻ կոնվենցիային. «Նախագահն իրավունք ունի ներում շնորհելու, սակայն իր իրավասություններից դուրս է` մեկ այլ դատավճիռ սահմանելը (տվյալ դեպքում` ցմահ ազատազրկում), քանի որ դա վերապահված է միայն դատարանին»,-ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը:

Խնդրի շուրջ բուռն քննարկման ժամանակ իրավաբան Արայիկ Ղազարյանն առաջարկեց Նախագահի որոշումը դատական ստուգման ենթարկելու հնարավորություն կիրառել:

Ակտիվ քննարկման թեմա դարձավ նաև ցմահ ազատազրկման դատապարտվողի տարիքը: Այս հարցում կողմերը գրեթե միակարծիք էին` ցմահ դատապարտվողի տարիքը պետք է լինի գոնե 20 կամ 21, մինչդեռ Հայաստանում այդ պատժին կարող են ենթարկվել 18 տարեկանից սկսած:

Ամփոփելով քննարկումը` Հայաստանի Հելսինկյան կոմիետի նախագահ Ավետիք Իշխանյանը հայտնեց, որ նմանատիպ կլոր-սեղաններ պարբերաբար լինելու են, այդ թվում նաև միջազգային մակարդակի:

 

Դիտվել է 1783 անգամ:
Print Friendly

Leave a Reply