Որպեսզի աչքով չտան

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 31, 2012 7:00

Սուսերամարտը Հայաստանում ավանդական մարզաձև է: Նախկինում ունեցել ենք նաև օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: 1960-ին Հռոմում կայացած օլիմպիական խաղերում Վալենտին Չեռնիկովը դարձել է բրոնզե մեդալակիր: Իսկ 20 տարի անց Մոսկվայում կազմակերպված օլիմպիական խաղերում արծաթե և բրոնզե պարգևների է տիրացել Աշոտ Կարագյանը: Բայց այլևս օլիմպիական խաղերում Հայաստանն ասպետական այս մարզաձևի ներկայացուցիչ չի ունեցել: Թերևս, պատճառն այն է, որ սուսերամարտում օլիմպիական խաղերի մասնակից դառնալու համար պետք է անպայման համապատասխան վարկանիշ լրացնել, որը բարդ է:

Եվ ահա տևական ընդմիջումից հետո չի բացառվում, որ  «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող հրացանակիր լինի: Այդ պատվին կարող է արժանանալ «Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի սան Միքայել Ղազարյանը: Դրա համար նա պետք է  ապրիլի վերջին Սլովակիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարում 1-2-րդ տեղերը զբաղեցնի:

Այդ ստուգատեսում զենքերն են խաչաձևելու երեք տասնյակ եվրոպական երկրների խոցասուսերակիրներ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ղազարյանը վերջին տարիներին կայուն մրցելույթներ է ունենում աշխարհի առաջնություններում և միջազգային ներկայացուցչական ստուգատեսներում, երեք տարի առաջ էլ 3-րդ տեղ է գրավել Իրանում կազմակերպված աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլում, ապա կարելի է ասել, որ օլիմպիական ուղեգրի տիրանալը նրա համար անհավանական  չէ:

Հայաստանի  սուսերամարտի ֆեդերացիայում այս ամենին ամենայն լրջությամբ են մոտենում և որպեսզի աչքով չտան, խուսափում են պատասխանատու հայտարարություններից ու խոստումներից: Այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը միայն հայտնեց, որ ապրիլին կայանալու է Հայաստանի առաջնությունը, որից հետո էլ վերջնականապես կորոշվի, թե  Ղազարյանն ինչ հավակնություններ կարող է ունենալ վարկանիշային մրցաշարում, նպատակահարմա՞ր է, որ նա խառնվի ուժեղագույնների մրցավեճին: Իսկ մինչ այդ, թերևս, մեր խոցասուսերակիրը կարողությունները ստուգի միջազգային որևէ մրցաշարում:

Ամեն դեպքում, եթե հայ սուսերամարտիկը վարկանիշային մրցաշարում օլիմպիական խաղերի ուղեգրի տիրանա, մեծ անակնկալ կհամարվի: Հիշեցնենք, որ առայժմ մեր երկրից օլիմպիական խաղերում կարողությունները փորձելու իրավունքի է արժանացել  11 մարզիկ` 4 ծանրորդ, 2 ծանրորդուհի, 1-ական հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշ, բռնցքամարտիկ, հրաձիգ, մարմնամարզիկ:

 

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply