Կրկին Լոնդոնում և նոր հաջողության սպասումով
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | January 29, 2012 7:00
Մինչև Անգլիայի մայրաքաղաքում անցկացվելիք օլիմպիական խաղերը դեռ բավականին ժամանակ կա, սակայն մարմնամարզիկները տարեսկզբին շտապել էին Լոնդոն: Դրա պատճառն այն էր, որ վարկանիշային միջազգային մրցաշարում խաղարկվելու էր օլիմպիական 25 ուղեգիր: Անակնկալ մատուցելով` դրանցից մեկին տիրացավ Արթուր Դավթյանը: Եվ ահա, 16-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի ներկայացուցիչը կրկին կարողությունները կփորձի չորս տարին մեկ անգամ կազմակերպվող ամառային օլիմպիական խաղերում: Իսկ թե ինչ է կատարվել Լոնդոնում, վերադաձից հետո խնդրեցինք տեղեկացնել Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին:
– Անհատական մրցավեճին մասնակցում էին 41 երկրների ներկայացուցիչներ: Դրանցից 8-ը մրցասպարեզ էին հանել երկուական մարմնամարզիկ: Ընդհանուր հաշվով պայքարի մեջ էր ներգրավվել 51 մարմնամարզիկ: Արթուրը ցույց տվեց 12-րդ արդյունքը: Նա բազմամարտում հավաքեց 84,233 միավոր: Մրցումներն անցկացվում էին Լոնդոնի «Օթու գրինվիչ» մարզասրահում: Ի դեպ, օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարի մասնակիցներին հյուրընկալու է նույն մարզաբազան: Ընդ որում, այդ մրցաշարը սպասարկում էին նույն օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարի կազմկոմիտեի ներկայացուցիչները, նաև նույն մրցավարները, որոնք աշխատելու են օլիմպիական խաղերի ժամանակ: Մեր պատվիրակությունը Լոնդոն էր հասել մրցումներից երեք օր առաջ: Այնպես որ ժամանակ կար, որպեսզի մեր մարմնամարզիկը պարապի, ծանոթանա մարզագործիքներին:
– Ինչպե՞ս ընթացավ պայքարը:
– Նախ` վիճակահանությունը մեր մարզիկի համար լավ էր: Նա հանդես եկավ 3-րդ մրցահերթում: Ինչպես հայտնի է, մրցումների ժամանակ ինչքան ուշ են մարզիկները մրցահարթակ մտնում, այնքան մրցավարների գնահատականներն ավելի հստակ, օբյեկտիվ են լինում: Վերջիններս արդեն կողմնորոշված են լինում, թե ինչ գնահատականներ շնորհեն: Որպես կանոն, առաջին երկու մրցահերթերի մասնակիցների գնահատականները բարձր չեն լինում: Լավ էր նաև այն, որ Դավթյանն առաջինը պետք է հանդես գար զուգափայտերի վրա վարժություններում: Ես այդ մրցաձևը սպասարկող մրցավարների թվում էի: Ուշագրավ էր նաև այն, որ մեր մարզիկից առաջ հանդես էր գալիս Ադրբեջանի ներկայացուցիչը, որն ակնհայտորեն զիջում էր Դավթյանին: Եվ ստացվում էր այնպես, որ հայ մարմնամարզիկը համեմատական կարգով ավելի լավ տպավորություն էր թողում: Ի դեպ, նա բազմամարտում ադրբեջանցուց շուրջ երեք միավորով առաջ անցավ, այդուհանդերձ, վերջինիս բախտը բերեց և տիրացավ օլիմպիական վերջին ուղեգրին: Դավթյանը զուգափայտերի վրա արժանացավ բարձր` 14,03 միավորի: Ապա մոտեցավ պտտաձողին: Նա 2011-ին Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունում ձախողվել էր այս մարզագործիքի վրա վարժություններում, իրար էր խառնել տարրերը` արժանանալով ցածր` 10,5 գնահատականի: Այս անգամ Դավթյանը ստացավ 13,45 միավոր: Աշխարհի առաջնությունում նա սխալներ էր թույլ տվել նաև ազատ վարժություններում, բայց այս մրցաձևում էլ մեր մարզիկն իրեն լավագույնս դրսևորեց: Միայն վերջում մի փոքր անվստահ ավարտեց կապակցությունը: Պատճառն այն է, որ մենք ժամանակակից համապատասխան մրցահարթակ չունենք, որի վրա կարելի է նախապատրաստվել, բարձր ցատկեր կատարել: Զսպանակներ չկան, և մարզիկները մեջքի ցավեր են ունենում: Ի դեպ, Արթուրն այս մրցաշարում իր ամենացածր գնահատականն ունեցավ` 13,05: Թեև նժույգաթափերն ամենավտանգավոր մրցաձևն է, սակայն մեր մարզիկը շատ լավ հանդես եկավ և ստացավ 13,9 գնահատական: Օղակների վրա վարժությունները կատարվեցին անթերի` 14,166: Ընդ որում, այդ մրցաձևը սպասարկող մրցավարների թվում ԱՊՀ երկրների ոչ մի ներկայացուցիչ չկար: Եվ չէր բացառվում, որ մեր մարզիկի գնահատականը ցածր լիներ: Իսկ վերջին մրցաձևը հենացատկերն էին: Սա Արթուրի սիրած մարզաձևն է, և նա ստացավ 15,625 գնահատական: Նա նաև երկրորդ ցատկը կատարեց, որպեսզի բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս մասնակցի հենացատկերի եզրափակչին: Եթե վերջին մրցաձևը չլիներ, թույլ չէինք տա, որ մեր մարզիկն այդպիսի համարձակ քայլի դիմի և երկրորդ ցատկը կատարի: Իսկ ցատկը կատարվեց հանուն պատվի, և նա արժանացավ16,650 գնահատականի: Մեր մարզիկը 7-րդ արդյունքով մտավ եզրափակիչ և ի վերջո հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Իմիջիայլոց, եզրափակչում Դավթյանն առաջին անգամ փորձարկեց բարդ կապակցություն: Այսպիսով, օլիմպիական խաղերում Արթուրը կարող է պայքարել բազմամարտում, նաև կփորձի մասնակցել բազմամարտի առանձին մրցաձևերի եզրափակիչներին:
– Դավթյանը, առանց հատուկ նախապատրաստվելու, ուսումնամարզական հավաք անցկացնելու, օլիմպիական խաղերի ուղեգրի արժանացավ, փոքր սխրանք գործեց: Այժմ ո՞րն է լինելու նրա խնդիրը:
– Հույս ունենք, որ ուսումնամարզական հավաքներ առաջիկայում կկազմակերպվեն: Կօգնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Մեր երկրի մարմնամարզության ֆեդերացիայի բյուջեն սահմանափակ է: Բանն այն է, որ աչքաթող չենք կարող անել այն հանգամանքը, որ ունենք մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների լավ հավաքականներ, որոնցում մրցակցությունը մեծ է: Եղած ֆինանսներով այդ թիմերին միջազգային մրցումներում կարողությունները փորձելու հնարավորություն պետք է տրվի: Մայիսի վերջին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի մարզապալատում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցենք մեծահասակների և երիտասարդների հավաքականներով: Դավթյանը 19 տարեկան է, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտի 3-րդ կուրսում է ուսանում և Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում կմասնակցի այդ փորձությանը:
– Փաստորեն, միայն օլիմպիական վարկանիշային մրցաշարի մեկնարկից կարճ ժամանակ առաջ որոշվեց, որ այդ ստուգատեսում պետք է Դավթյանը մասնակցի: Ընդ որում, մյուս թեկնածուն 2011-ի մրցաշրջանի Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում տեղ զբաղեցրած Հարություն Մերդինյանն էր, որը Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր է: Նրան շրջանցելը և Հայաստանի հավաքականի առաջատար դառնալը ինչո՞վ է պայմանավորված:
– Չնայած երիտասարդ հասակին` նա մարմնամարզությունում նորեկ չէ: Դավթյանը 5 տարեկանից հաճախել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոց, 4 տարի շարունակ ծանոթացել է մարզաձևի գաղտնիքներին, ապա վարպետությունը կատարելագործել է Ռոստովում: Իսկ 2008-ին նա կրկին վերադարձել է հարազատ մարզօջախ: 2010-ին Բիրմինգհեմում կայացած ստուգատեսում նա բազմամարտում դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
– Առաջիկայում Դավթյանի համար նախապատրաստական ի՞նչ ծրագիր է նախատեսվում:
– Արթուրը մարտի վերջին Կատարում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Նա կներկայացնի հենացատկերի նոր ծրագիրը: Կփորձենք պարզել, թե ինչ հնարավորություններ կան: Մոտավորապես կարելի է հաշվարկել, թե օլիմպիական խաղերում այդ մրցաձևում ինչպիսի գնահատական ստանալու դեպքում կարելի է պայքարը եզրափակչում շարունակելու իրավունք ստանալ: Կարծում ենք` այդ առումով անցումային կարող է համարվել 16,3 գնահատականը: Այդ է պատճառը, որ Արթուրը 17 միավորի բարդության հենացատկեր պետք է կատարի: Օլիմպիական խաղերում մեր հիմնական հույսը լինելու է այն, որ Դավթյանը հաջող հանդես գա հենացատկերում: Բազմամարտում նա կարող է 24 լավագույնների թվում հայտնվել, բայց դա ոչինչ չի տա:
– Նախկինում մեր փառաբանված մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը դարձել է հենացատկերի աշխարհի չեմպիոն: Դավթյանը` որպես մարմնամարզիկ, նմանվո՞ւմ է Հակոբյանին:
– Դավթյանը կատարում է այն կապակցությունը, որը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում գրանցված է Հակոբյանի անունով: Հակոբյանը բյուրեղյա մարմնամարզիկ է եղել, կատարողական դասական ոճի: Նա ավելի բարձրահասակ է և շատ բարձր մակարդակ է ունեցել: Մնում է, որ Դավթյանը կամային հատկանիշներ դրսևորի և մեծ հաջողությունների ձգտի:
– Վարկանիշային լոնդոնյան մրցաշարի ժամանակ անակնկալներ եղա՞ն:
– Եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ կապված ոչ մի արտասովոր բան չեղավ: Դավթյանին մրցավարների մեծ մասն աշխարհի առաջնությունից հետո լավ էր ճանաչում, և իմ գործընկերները, մրցումները դեռ չավարտված, մոտենում էին և հայտնում, որ կասկած չունեն` Արթուրը կլրացնի վարկանիշը: Բայց անակնկալ կարելի է համարել, որ մեր մարմնամարզիկը շատ լուրջ մրցակիցների հաղթեց` օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների: Դավթյանն ամենաերիտասարդն էր: Իսկ դա նշանակում է, որ նրա հակառակորդներն ավելի փորձառու էին: Օրինակ` Ուզբեկստանի ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության մրցանակակիր Անտոն Ֆոկինը նախնական փուլի մրցումներից հետո դուրս մնաց պայքարից:
– Դավթյանը վնասվածք, խանգարող հանգամանքներ ունի՞:
– Վնասվածք կա, սակայն դա հատկապես զգացնել է տալիս, երբ նա ազատ վարժություններ է կատարում մեր մարզօջախի մրցահարթակի վրա: Այդ է պատճառը, որ առայժմ գերադասում ենք այդ մրցաձևում բարդ տարրեր չփորձարկել:
– ԱՄՆ–ում բնակվող և մարզվող 22-ամյա Հուռի Գեբեշյանի մասին ի՞նչ կասեք: Հնարավո՞ր է, որ նա նույնպես մասնակցի օլիմպիական խաղերին:
– Այո, բայց դա քիչ հավանական է: Գեբեշյանը պահեստային է և պետք երեք երկրի մասնակից դուրս գա , հրաժարվի պայքարից, որպեսզի նա հանդես գա առաջիկա օլիմպիական խաղերում:
– Այն մարզագործիքները, որոնց վրա մարմնամարզիկները մրցելու են օլիմպիական խաղերում, շա՞տ են տարբերվում մեր ունեցածից:
– Մեր մարզագործիքները շարքից դուրս են եկել: Դրանք պետք է երկու տարին մեկ փոխել: Լոնդոնում մարմնամարզիկները մրցեցին ֆրանսիական «Ջիմնովա» ֆիրմայի մարզագործիքների վրա, մեր ունեցածը գերմանական «Սպիչ» ֆիրմայի արտադրության է, սակայն անորակ է, քանիցս նորոգված: Փաստորեն, այլ երկրներում ուսումնամարզական հավաքներ պետք է կազմակերպել` Իրանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Բելառուսում, Ուկրաինայում, որպեսզի Դավթյանը նախապատրաստվի օլիմպիական խաղերին: Ռուսաստանի մերձմոսկովյան «Կրուգլոյե օզերո» մարզաբազան շատ հայտնի է, սակայն ծախսերն էլ մեծ են` օրական 100 եվրո:
– Դավթյանն օլիմպիական խաղերում մեդալակիր դառնալու հնարավորություններ ո՞ւնի:
– Առայժմ այդ մասին ոչինչ չեմ կարող ասել:






Facebook
Tweet This
Email This Post
