ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս համայնքը կունենա նոր մանկապարտեզ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 26, 2012 12:01
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆրանսահայ համայնքի միջոցներով Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում կառուցում է մանկապարտեզ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:
Նորակառույց մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 50 երեխա: Երկհարկանի մանկապարտեզի առաջին հարկում նախատեսվում է կառուցել հանդերձարան, ննջարաններ, սանհանգույց, խոհանոց, լվացքատուն ու պահոցներ, երկրորդ հարկում` խաղասենյակներ, հանդիսության դահլիճ եւ մարմնամարզության սրահ: Բակում կկազմակերպվի երեխաների բացօթյա ժամանցը: Ընթացքում են նոր մանկապարտեզի հիմքի կառուցման աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա աշնանը:
Ներկայումս համայնքում գործում է 1970-ականներին կառուցված մանկապարտեզը, որը ոչ միայն զուրկ է մանկահասակ երեխաների ժամանցի ու կրթության կազմակերպման համար պատշաճ պայմաններից, այլեւ չունի կոյուղի եւ կենտրոնացված ջեռուցում:
Սոսի գյուղապետ Իգոր Ղահրամանյանի խոսքով` որոշ ընտանիքներ անգամ հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ ուղարկել շենքի խիստ անբարեկարգ պայմանների պատճառով: Նա հույս է հայտնում, որ մանկապարտեզի նորաստեղծ պայմանները հնարավոր կդարձնեն երեխաների հաճելի ժամանցն ու կրթությունը համապատասխան միջավայրում:
Նշենք, որ ֆրանսահայ համայնքի աջակցության շնորհիվ 2010 թվականից գյուղն ունի նաեւ կանոնավոր ջրամատակարարում:
«Ուզում եմ հուսալ, որ այս համայնքը, որը տարածվում է Ամարասի վանական համալիր տանող ճանապարհի երկու կողմում, հետագա զարգացման լավ հեռանկարներ ունի»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ապա հավելում, – «Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի տեղական մարմնի հետեուղական ուշադրությունը նախադպրոցական կրթօջախների նկատմամբ: Դրա լավագույն օրինակներից է նաեւ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կառուցվող մանկապարտեզը, որն ավարտին է մոտենում»:
Ավելի քան 250 տարվա պատմություն ունեցող գյուղն ունի շուրջ 1040 բնակիչ. նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությանբ ու խաղողագործությամբ: Գյուղում վերջին տարիներին գործում է նաեւ մեքենատրակտորային կայան, որն ըստ գյուղապետի` մասամբ հեշտացնում է մենատնտեսների հողագործական աշխատանքները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ






Facebook
Tweet This
Email This Post
