«Եթե բոլորը…» ֆիլմը` պատերազմի եւ խաղաղության պատմություն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 25, 2012 17:13

«Եթե բոլորը…»  ՀՀ անկախության եւ  Հայոց  բանակի 20–ամյակին նվիրված ֆիլմի առաջին ցուցադրությունը  կայացավ «Նաիրի» կինոթատրոնում հունվարի 25-ին` ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար:

«Թիմ» փրոդաքշնի եւ Ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրության  արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո  ստեղծված ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի, նրա թողած բացասական հետեւանքների, մարդկանց ճակատագրերի մասին, որոնց շուրջ ծավալվում են ֆիլմի գլխավոր իրադարձությունները:

«Մենք որոշեցինք դրական վերաբերմունք ցույց տալ պատերազմի խնդրին, ցույց տալ ծանր գնով  ձեռք բերված խաղաղության կարեւորությունը»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմի դիտման հաջորդած ասուլիսի ժամանակ նշեց «Եթե բոլորը…»-ի գլխավոր պրոդյուսեր եւ գաղափարի հեղինակ Միքայել Պողոսյանը: Նրա խոսքով, Արցախյան պատերազմի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը առկա էր վաղուց: Թեեւ ֆիլմը հիմնված չէ փաստերի վրա, չունի իրական նախադեպ, սակայն Պողոսյանի համար ֆիլմի պատմությունը ստեղծելուն  եւ կյանքի կոչելուն նպաստել են պատերազմի մասնակից մարդկանց ու ծանոթների հետ շփումը, ինչպես նաեւ ֆիլմում  հրամանատար Արթուր Մարգարյանի խորհրդատվությունը:

«Եթե բոլորը…» -ում գլխավոր հերոսուհու` Սաշային  մարմնավորել է ազգությամբ ռուս` Շյուկինյան համալսարանի, ինչպես նաեւ Լոնդոնում ճարտարապետի մասնագիտություն  ստացող  ուսանողուհի Եկատերինա Շիտովան, ում համար այս ֆիլմը դեբյուտային էր: Դերասանուհին «Եթե բոլորը…»-ում նկարահանվելով` արդեն  ստացել է բազմաթիվ առաջարկներ հայտնի ռեժիսորների կողմից, սակայն նկարահանվելով «Եթե բոլորը…»-ում Շիտովան խոստացել է հորն այլեւս չշարունակել դերասանուհու մասնագիտությունը:

«Նախնական տարբերակում,  երբ ես որոշեցի ֆիմը նկարահանել, կար այլ աղջիկ, ով պետք է մարմնավորեր գլխավոր կերպարը, սակայն ընթացքում քասթինգի արդյունքում մենք գտանք Կատյային,  որի հմայքի վրա է կառուցվում ֆիլմի ողջ սյուժեն»,-պատմեց Պողոսյանը:

«Եթե բոլորը…» -ի գլխավոր հերոսուհու հայրը` ռուս զինվոր Ալեքսանդր Մասլենկիովն է, ով զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց նրա աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ` «բերյոզա» տնկելու, գտնում է հոր ընկերներին, փորձում իրականացնել նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ: Արդյունքում ծառի տնկման կետը որոշվում է մի  չեզոք` խորհրդանշական վայրում:

«Թվում է, թե ավարտել եմ աշխատանքս եւ պետք է մեկնեմ Հայաստանից, սակայն  ես այս ընթացքում հասցրի սիրահարվել Հայաստանին, ձեռք բերել բազմաթիվ ընկերների»,-ընդգծեց ֆիլմի ռեժիսոր  Նատալյա Բելյաուսկենեն:

Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմում հնչում է հատված երգչուհի  Լիլիթ Պիպոյանի երգերից, ինչպես նաեւ հատուկ ֆիլմի համար կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի կողմից  գրված եւ ֆիլմի soundtrack դարձաձ երաժշտությունը:

«Մի շարք հատվածներ իմպրովիզացիայի արդյունքում են ստեղծվել,  այն սկզբունքայնորեն ձայնագրված է life տարբերակով»,- տեղեկացրեց Հայրապետյանը:

Ինչպես  ավելի վաղ «Արմենպրես»-ին ասել  էր Պոսողսանը նա դեմ չէ,  որ «Եթե բոլորը…» ցուցադրվի նաեւ Բաքվում:

Պատասխանելով «Արմենպրես»– թղթակցի այն հարցին, թե որքանով է հնարավոր առաջիկայում  «Եթե բոլորը…»-ը Բաքվում  ցուցադրելու  գաղափարի իրականացումը եւ արդյոք  կարող է խախաղության մասին պատմող ֆիլմը հանդիսանալ  խթան հայ- ադրբեջանական` մշակութային  հարաբերությունների կարգավորման գործում` Պողոսյանը նկատեց, որ գուցե ֆիլմը Բաքվում ցուցադրելը որոշակի դժվարություններ առաջացնի, սակայն այն, որ  ֆիլմը ցուցադրվելու է  Ստեփանակերտում, Մոսկվայում, ներկայացվելու է մի շարք հեղինակավոր փառատոների, ապա երաշխիք է, որ շատ այլազգիներ` այդ թվում ադրբեջանցիներ, կդիտեն այն` եզրակացություններ կանեն: Պողոսյանի հավաստմամբ այն առաջին հերթին ֆիլմ է սիրո, մարդկային հարաբերությունների մասին, խախաղության եւ միավորման կոչ:  Ֆիլմի հեղինակները շնորհակալ են բոլոր նրանց, ովքեր աջակցել են ֆիլմի կայացմանը ոչ միան նյութականապես, այլեւ հոգեպես:

Հունվարի 26-ին տեղի կունենա «Եթե բոլորը…»-ի պրեմիերան, որին ներկա կգտնվի Հանրապետության նախագահը, բարձրաստիճան հյուրեր, մշակութային գործիչներ: Պատահական չէ, նաեւ ֆիլի անվանման ընտրությունը. Պողոսյանի հավաստմամբ այն հնավարություն  է տալիս յուրաքանչյուրին շարունակել միտքը, մտածել,  վերանայել արժեհամակարգը,  փոխել վերաբերմունքը մի շարք խնդիրների շուրջ:

 

Դիտվել է 1863 անգամ:
Print Friendly

Leave a Reply