«Հայաստան» հանրախանութում տեղի ունեցած միջադեպի մանրամասները ճշտվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2012 18:45

«Հայրապետյան եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ին պատկանող «Հայաստան» հանրախանութում տեղի ունեցած միջադեպի` վիճաբանության, պատճառները դեռ պարզվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստան» հանրախանութի գլխավոր մենեջեր Վահեն` խոստանալով Հովիկ Հայրապետյանի հետ խորհրդակցելուց հետո ծանոթացնել մանրամասներին:

Ի դեպ, նույնիսկ հանրախանութի անվտանգության աշխատակիցը հրաժարվեց ներկայացնել, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել խանութում: Մեր այնտեղ գտնվելու ընթացքում հանրախանութ ժամանեց նաեւ Հովիկ Հայրապետյանը, սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայրապետյան եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ին պատկանող «Հայաստան» հանրախանութում են գտնվում ոստիկաններ, «Ամերիաբանկի» ներկայացուցիչներ, ովքեր վիճել են հանրախանութի առեւտրականների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր փաստաբան Արա Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ` հակառակ վարձակալի ցանկության` բանկի ներկայացուցիչները փորձել են առեւտրականներին ստիպել ազատել տարածքը:

Իսկ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող «Հայաստան» հանրախանութը գրավի դիմաց կհանձնվի «Ամերիաբանկին»: Մի քանի օր առաջ բանկի աշխատակիցները գնացել են «Հայաստան» հանրախանութ եւ ծանուցագրեր բաժանել հանրախանութի աշխատակիցներին, որի համաձայն՝ նրանք պարտավոր են կամ մինչեւ հունվարի 24-ը լքել տարածքը, կամ բանկի հետ նոր պայմանագիր կնքել՝ հետագա գործունեությունը շարունակելու համար: Սակայն հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանը  հերքել էր վերը նշված տեղեկությունը՝ ասելով, թե «Հայաստան»-ն իրենցն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել:

NEWS.am

 

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply