Հնարավոր է` ՀՀ-ում գարնանը ժամացույցի սլաքն այլևս մեկ ժամով առաջ չտրվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2012 17:05

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 26-ի նիստում կքննարկի «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկ­ման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով գործադիրի պաշտոնական կայքը, նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք թողնել միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտին, և միաժամանակ, դադարեցնել մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այդ դեպքում ՀՀ-ն կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի և ժամացույցի սլաքն այսուհետ մեկ ժամով առաջ չի տրվի. անցում չի կատարվի ամառային ժամանակի, ինչը դրականորեն կանդրադառնա, մասնավորապես, մարդկանց առողջության վրա: Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել սթրեսային եղանակներ են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող ևս մեկ արհեստական խնդիր են առաջացնում: Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են ավելի քան 80 երկրներ:

Նախատեսվում է այս օրենսդրական նախաձեռնության ընդունման գործընթացը կազմակերպել այնպես, որ այն ուժի մեջ մտնի մինչև 2012 թվականի մարտի վերջին կիրակի օրը:

 

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply