Ֆրանսիան մնաց մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 25, 2012 17:24

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն  առաջիկայում կներկայացվի Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հաստատմանը:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին երկարատև քննարկումներից, կողմ և դեմ ելույթներից  հետո ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ընդ որում, օրինագծին կողմ են քվեարկել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևի ներկայացուցիչները:

2011-ի դեկտեմբերի 22-ին օրինագիծը հավանության էր արժանացել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում: Օրինագծի հեղինակն է «Միություն հանուն ժողովրդական շարժման» խմբակցության պատգամավոր Վալերի Բուայեն: Այն մեկ տարվա ազատազրկման և  45 հազար եվրո տուգանքի պատիժ է սահմանում այն անձանց նկատմամբ, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանությունը:

Նման  օրինագիծը Ֆրանսիայում բացառիկ երևույթ չէ.  հրեական ողջակիզումը՝ Հոլոքոստը հերքելու համար սահմանված պատժամիջոցը Ֆրանսիայում գործում է 1990 թվականից:

Իսկ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է դեռևս 2001 թ.:

Քննարկումների ժամանակ խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Պատրիկ Օլիեն օրինագծի ընդունման անհրաժեշտությունը  հիմնավորեց նրանով, որ չի կարելի Ֆրանսիայի կողմից ընդունված ցեղասպանություններից մեկի ժխտումը քրեորեն պատժել, իսկ մյուսը` ոչ. «Սա է արդարությունը, մենք չենք կարող ընդունել, որ նման օրենսդրական անհամաձայնություն լինի: Հուսով եմ, որ դուք կաջակցեք այս օրինագծին»: Անդրադառնալով խոսքի ազատության խաթարման հնարավորությանը՝ Օլիեն  շեշտեց, որ գոյություն չունի ազատություն առանց պատասխանատվության:

Սենատոր Ռոժե Կարուշին հայտարարեց, որ Ֆրանսիայում ապրող հայերը և հրեաները պետք է ունենան նույն իրավունքները. «Եթե մեր խորհրդարանն ընդունել է երկու ցեղասպանություն, ապա երկու ցեղասպանություններին պետք է վերաբերվել նույն  կերպ: Ցեղասպանությունների աստիճանակարգություն ուղղակի գոյություն չունի»:

«Հիտլերը մինչև հրեաների ցեղասպանությունը ասում էր,  թե ոչ ոք արդեն չի հիշում Հայոց ցեղասպանությունը: Ժխտողականությունը հանդուրժելը ևս մեկ անգամ հանցանքը կրկնելն է», – քննարկումների ժամանակ հայտարարեց սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող սենատոր Ֆիլիպ Կալտենբախը` հավելելով, որ  Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է և որևէ կապ չունի հայ-թուրքական քաղաքական  հարաբերությունների հետ:

«Հայոց ցեղասպանության ժխտողականներն իրենց քայլերով ավելի են ոգևորում և նպաստում հանցանքների իրականացմանը: Մեծ Եղեռնը վերաբերում է ողջ մարդկությանը, դրա հետևանքները կրում է մի ամբողջ ժողովուրդ, իսկ ժխտողական քաղաքականության արդյունքում մինչ այժմ բազմաթիվ բռնություններ են տեղի ունենում: Ժխտելով պատմական իրականությունը` տեղի ենք տալիս նոր հանցանքների»,- ասաց սոցիալիստ սենատոր Լյուկ Կարվունասը:

Մինչ սենատորները ժամեր շարունակ քննարկում էին օրինագիծն ընդունել-չընդունելու հարցը, Սենատի շենքի  առջև հայերը և թուրքերը բազմամարդ ցույցեր էին կազմակերպել: Հավաքված հայությունը օրինագծի ընդունումը դիմավորեց Ֆրանսիայի օրհներգը և ֆիդայական երգեր երգելով: Հաջորդ օրն էլ  Հայաստանում շնորհակալություն հայտնելու համար մարդիկ հավաքվեցին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով` տեղի ունեցածը  համայն հայության հաղթանակն է, քանի որ Թուրքիայի ջանքերով հարցը վերածվեց հայ-թուրքական պայքարի Ֆրանսիայում. «Դա Թուրքիայի քաղաքականության պարտությունն էր, քանի որ երկիրը փորձեց ամեն բան անել, և  այնքան բարձրացրեց նշաձողը, որ շատ ուժեղ բարձունքից վայր ընկավ»:

Մանոյանի կարծիքով`  Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից օրենքի ստորագրումից հետո այն կմտնի ուժի մեջ, և  կսկսվի նոր հանգրվան, քանի որ օրենքի ճակատագիրը սրանով չի վերջանալու: Որոշ շրջանակներ կարող են օրենքի կիրառելիությունը փորձարկման ենթարկել: Սրա հետևանքը կարող  է լինել այն, որ ԵՄ անդամ շատ երկրներ կհետևեն Ֆրանսիայի օրինակին:

Ըստ Մանոյանի`  ևս մեկ անգամ հաստատվեց, որ Թուրքիան պատրաստ չէ առերեսման նստելու իր պարտության հետ: Օրինագծի հաստատման հետևանքով տեղի կունենա ֆրանս-թուրքական հարաբերությունների սառեցում, դիվանագիտական հարաբերությունների աստիճանի անկում, սական տնտեսական առումով Թուրքիան շատ բան անել չի կարող: Թուրքիան տնտեսական շահեր ունի Ֆրանսիայից, և հեշտ չէ դրանք խորտակել:

Քաղաքագետ Կարեն Բեքարյանի խոսքով էլ այս քայլով  Ֆրանսիան ամբողջ աշխարհին ապացուցեց, որ շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության հիմնական դրոշակակիրը:

«Ֆրանսիան Եվրոպայի անունից փորձում է նման կերպ սանձել Թուրքիային, որը մաքսիմալիստական գաղափարներով պետություն է,  չի փորձում հաշվի նստել արդարության հետ և  միայն առաջնորդվում է սեփական շահերով»,- մեկնաբանելով օրինագծի ընդունումը` ասում է  քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Մինչ օրինագծի ընդունումը Թուրքիան ֆրանսիային սպառնում էր հարաբերությունների խզումով ու սանկցիաներով, Էրդողանն էլ հայտարարեց, թե  օրինագիծն ընդունելու դեպքում  «այլևս Ֆրանսիա չեմ գնա»: Որոշման ընդունումից հետո, սակայն, Թուրքիայի վարչապետ  Ռեջեբ Թայիփ Էրդողանը  հայտարարեց, որ պատժիչ քայլեր կձեռնարկեն որոշ ժամանակ անց. «Մենք կսպասենք` տեսնելու, թե ինչ տեղի կունենա առաջիկա ամիսներին, ապա կձեռնարկենք մեր պատասխան քայլերը: Առկա կոնֆլիկտը չպետք է վերաճի լայնամասշտաբ խնդրի»:

Թուրքական լրատվամիջոցներն էլ կատարվածը  բացատրեցին թուրքերի` միայն հայտարարություններով բավարարվելու հանգամանքով: «Ոչ մի երկիր չի խուսափում Թուրքիային ցեղասպանության գոլ խփելուց: Գիտեն, որ Թուրքիան մի քիչ հոխորտալուց հետո կընդունի նվաստացումը»,- գրում են նրանք:

 

 

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply