Բաց նամակ նախագահին. պահանջում են դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 25, 2012 15:07Հայաստանի Հանրապետության նախագահ
պարոն Սերժ Սարգսյանին
Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարության կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական զարգացման գերակա ճյուղ ընտրվելու արդյունքում, Սյունիքի մարզում համատարած սկսվել են տարատեսակ հանքավայրերի որոնողահետախուզական աշխատանքներ: Հանրության մտահոգությունը` ապահով շրջակա միջավայրում ապրելու մասին, համատարած քննարկման առարկա դարձավ ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները սկսվելուն պես, ինչը հետին պլան մղեց նույնիսկ սոցիալական խնդիրները:
Ի սկզբանե, անտեսելով հարցի չափազանց զգայուն լինելը, կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնց մասին, որքան էլ զարմանալի է, հանրությունը տեղեկացավ համացանցից:
Հանրության դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով, տեղական հասարակական կառույցները կազմակերպել են ստորագրահավաք, որի մասնակիցներին հնարավորություն է տրվել հարցի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքին մասնակցել է 13.850 /տասներեք հազար ութ հարյուր հիսուն/ քաղաքացի և մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: Ստորագրահավաքի արդյունքները 2010թ-ի դեկտեմբերին ներկայացվել է ՀՀ կառավարությանը:
Հայտնում ենք մեր վրդովմունքը, Սյունիքի մարզում ուրանի հանքերի որոնողահետախուզական աշխատանքների վերսկսման առիթով, ինչը տարածաշրջանում վերստին տագնապ է առաջացրել:
Ստորագրահավաքի արդյունքների անտեսումը կսպառի իշխանությունների հանդեպ վստահությունը և այն կընկալվի մարտահրավեր` ուղղված հանրությանը և հասարակական կառույցներին:
Մենք հաշվի ենք առնում միջազգային էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության չափերը, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և կյանքի բնականոն զարգացման վրա, այն համարում ենք ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք:
Հարկ ենք համարում նշել նաև, որ հասարակական կառույցները ոչ նպատակահարմար են համարում հանքարդյունաբերության զարգացման քաղաքականությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և նրանց սերունդներին պատկանող բնական պաշարներից օգտվում են միայն որոշ անհատներ: Շարքային քաղաքացին գտնվելով եզրագծից դուրս, անընդունելի է համարում ապականված միջավայրում, չքավորության մեջ ապրելու պայմանները:
Հիմք ընդունելով հանրության միակարծությունը, պահանջում ենք դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները և չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը:
Հարգանքով`
“Կայուն զարգացում” ՀԿ նախագահ`
Արմեն Փարսադանյան
ք.Կապան







Facebook
Tweet This
Email This Post
