«Հայ-թուրքական արձանագրությունների սառեցումը մեջտեղ բերեց այս օրինագծի հաստատումը». Ա. Մելքոնյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 25, 2012 14:41

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը լուրջ հաղթանակ է համարում: «Հայոց ցեղասպանության խնդիրը մտավ իրավաքաղաքական դաշտ: Մեջտեղ եկավ պատժամիջոցների խնդիրը, և սա հատուցման նախադուռն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Պատմաբանը չցանկացավ կանխատեսումներ անել օրինագծի ընդունումը եվրոպական երկրներում վարակիչ դառնալու վերաբերյալ, նշեց, որ մեծ հավանականությամբ Ֆրանսիայի նախագահն այս խնդրում առաջնորդվել է եվրոպական դաշնակից երկրների հետ համաձայնության սկզբունքով. «Սա Թուրքիային պատժելու նպատակ է հետապնդում,  և բնականաբար ոչ միայն Ֆրանսիան, այլև մյուս երկրները անպայման կօգտագործեն դա` Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուրքիային խոչընդոտելու հարցում»,-ասաց նա:

Մելքոնյանը չի բացառում, որ սրանով Եվրոպայի դռներն ընդմիշտ փակվեն Թուրքիայի առջև: «Եվրոպական երկրներում օրեցօր աճում են քյաբաբխանաները, և թուրքերը ժողովրդագրական առումով մեծ վտանգ են ներկայացնում»,-նշեց նա:

Պատմաբանը նաև հորդորեց Թուրքիայի հակաքայլերի կապակցությամբ շրջանառվող` Թուրքիայի կողմից Ֆրանսիայի դեմ պատժամիջոցների կիրառում արտահայտությունը չգործածել. «Դա ուղղակի ծիծաղելի է,-ասաց նա,-պատժամիջոց իրականում կիրառել է Ֆրանսիան Թուրքիայի նկատմամբ, ոչ թե Թուրքիան` Ֆրանսիայի նկատմամբ»,-նկատեց նա,-իսկ Թուրքիայի ղեկավարության այսօրվա ջղաձիգ վիճակը վկայում է այն մասին, որ իսկապես հայոց ցեղասպանության խնդրում Հայաստանին ճանաչման գործընթացի մեջ ներքաշելու թուրքական քաղաքականությունը ձախողվել է, որովհետև խնդիրը մտել է այլ հարթություն»:

Մելքոնյանը համոզված է, որ եթե հայ-թուրքական արձանագրություններն այսօր վավերացված լինեին, և սկսվեր հայոց ցեղասպանության վերաբերյալ վիճելի խնդիրների շուրջ բանավեճ, այդ դեպքում Թուրքիան ալիբի կունենար` ասելու, որ իրենք ուղղակի հարաբերությունների մեջ են Հայաստանի հետ, և որ Ֆրանսիան չպետք է միջամտի իրենց ներքին գործերին: « Իմ խորին համոզմամբ, արձանագրությունների սառեցումը մեջտեղ բերեց նման օրինագծի հաստատումը»,-ասաց պատմաբանը:

Ի հաստատումն իր ասածի, Մելքոնյանը հիշեցրեց 2001-2003 թվականները, երբ գործում էր հայ-թուրքակամ հաշտեցման չարաբաստիկ հանձնաժողովը. «1998-2001 թվականները ցեղասպանության ճանաչման հաղթարշավի ժամանակաշրջան էր, մեկ տասնյակից ավելի երկրներ հենց այդ ընթացքում ճանաչեցին հայոց ցեղասպանությունը: Բայց հաղթարշավն անմիջապես դադարեց, երբ հայերից մարդիկ գտնվեցին, ովքեր մտան այդ գործընթացի մեջ: 3 տարի ոչ մի երկիր չճանաչեց հայոց ցեղասպանությունը,-ասաց նա,-եվ երբ հայկական կողմը, հասկանալով, որ ծուղակն է ընկել, 2003 թվականի աշնանը դուրս եկավ այդ գործընթացից, ցեղասպանության ճանաչման գործընթացը վերսկսվեց»:

Ադրբեջանի ակտիվությունն այս օրենսդրական նախաձեռնության դեմ Մելքոնյանը բնորոշում է` իբրև արջի ծառայություն: «Նույն Թուրքիայի և Ադրբեջանի միջև կան լրջագույն հակասություններ, որոնք երբեք առաջնային պլան չեն փորձում բերել,-ասաց նա` որպես ամենավառ օրինակ բերելով ցյուրիխյան արձանագրությունները,-այստեղ հստակ երևաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը չեն համընկնում: Եվ ահա կրտսեր եղբայրը փորձեց ճնշում բանեցնել ավագ եղբոր վրա, և թուրքական կողմը ստիպված այս գործընթացը սառեցրեց, այն դեպքում, երբ այդ արձանագրությունները Թուրքիայի համար շատ ձեռնտու էին»:

Էրդողանի հայտարարությանը, թե այլևս երբեք չի գնա Ֆրանսիա, որին հաջորդեց ուղղումը, թե չի գնա, քանի դեռ նախագահում է Սարկոզին, Մելքոնյանը հումորով է վերաբերվում. «Երևի մտածեց, որ Ֆրանսիայում առողջապահական մակարդակը շատ բարձր է, և այս հոգեվիճակից հետո իր մոտ կարող են առողջական խնդիրներ ծագել, ու ստիպված լինի բուժման համար նորից Ֆրանսիա մեկնել, ուստի ուղղեց իրեն»,-կատակեց պատմաբանը:

Սոչիի եռակողմ հանդիպման վերաբերյալ Մելքոնյանը կարծիք հայտնեց, թե որքան էլ Ադրբեջանը փորձի փախչել Մինսկի խմբից, դա նրան չի հաջողվի: «Ադրբեջանը ձևացնում է, թե ամեն վայրկյան կարող է դուրս գալ Մինսկի խմբից և նախընտրել հարցի լուծման ռազմական ճանապարհը, բայց նա գործընթացից դուրս գալու այլընտրանք չունի, որովհետև կա հայկական կողմ և 3 խոշոր երկրներ, որոնք այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում վճռական դեր ունեն այս խնդրի կարգավորման գործում»:

Պատմաբանը չի հավատում պատերազմի վերսկսման հնարավորությանը, քանի որ կարծում է, որ Ադրբեջանում լավ են հասկանում` ռազմական գործողությունը հերթական անգամ կարող է տապալվել և հայկական կողմը կարող է հաղթել:

 

Դիտվել է 2528 անգամ:
Print Friendly

Leave a Reply