Աշոցքցի դահուկորդներն ուրախացնում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 25, 2012 13:44

Միջազգային մրցաշարերում իրենց  մրցափորձը շարունակում են  հարստացնել աշոցքցի դահուկորդները: 19-ամյա Սերգեյ Միքայելյանը,  իր թիմակից  Թադևոս Պողոսյանի ընկերակցությամբ,  այս մրցաշրջանում առաջին մրցելույթն ունեցավ  Գերմանիայում: Ստուգատեսի մասին հեռախոսազրույց ունեցանք  Սերգեյի մոր ` ԽՍՀՄ առաջնությունների բազմակի հաղթող և մրցանակակիր Ալլա Միքայելյանի հետ: Նա ասաց,որ   25 կմ մրցատարածության նախնական 3 կիլոմետրում առջևից է  ընթացել  Սերգեյը: Ավաղ, այդ միջոցին  կոտրվել է նրա դահուկի ամրանը: Ընկերոջ հաջողությանը նպաստելու համար Թադևոսն իր դահուկն է առաջարկել Սերգեյին,որը հրաժարվել է օգնությունից,քանզի Թադևոսն էլ է եղել առաջատարների խմբում: Իսկ նոր ամրանի տեղադրումը  Սերգեյից պահանջել է 5 րոպեից մի փոքր ավելի ժամանակ: Այնուամենայնիվ, Սերգեյը շարունակել է մրցավազքը,3 րոպեով բարելավել է իր ժամանակը և ավելի քան 200 դահուկորդների մրցավեճում եզրագիծը հատել է 27-րդը: Տիկին Ալլան ասաց,որ դահուկորդներին մրցավայր է ուղեկցել ամուսինը` տղաների մարզիչ Արթուր Միքայելյանը: Եռյակն այնուհետև հանդես է եկել  Չեխիայի միջազգայինում: 20կմ դահուկավազքում, 350 մասնակիցների պայքարում Սերգեյը վստահորեն գրավել է առաջին տեղը, իսկ Թադևոսը եզրափակել է «հրաշալի յոթնյակը »: Մեր պատվիրակությունն  արդեն տունդարձի ճանապարհին է: Աշոցքում, բարձր լեռնային պայմաններում,  նրանք կնախապատրաստվեն Էրզրումում փետրվարի 20-ին մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Ի դեպ, Էրզրումը գտնվում է միջին լեռնային գոտում և ակնկալվում է, որ մեր տղաները կկարողանան հեշտությամբ հաղթահարել համեմատաբար  նոսր թթվածնային պայմանները և հաջողության հասնել:

 

 

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply