Եթե Սուրեն Խաչատրյանն («Լիսկան») առաջադրվի, Սիլվա Համբարձումյանը նույն ընտրատարածքում կպայքարի նրա դեմ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 25, 2012 9:24
Մինչեւ փետրվարի 11-ը գործարար Սիլվա Համբարձումյանը, ում «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում հրապարակավ ապտակել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա»), կկողմնորոշվի, թե որ կուսակցության շարքերը համալրի` ՀՀԿ-ի՞, ԲՀԿ-ի՞, թե՞ ՀՅԴ-ի: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սիլվա Համբարձումյանը:
Նա նշեց, որ ներկա պահին ուսումնասիրում է այդ 3 կուսակցությունների ծրագրերը, սակայն վերջնականապես որոշել է, որ եթե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը առաջադրի իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, ապա ինքն էլ կառաջադրվի եւ ընտրապայքարի մեջ կմտնի նրա հետ:
Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ ունեցած մեր զրույցը.
Տիկին Համբարձումյան, վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե Ձեզ տարբեր, այդ թվում նախարարի պաշտոն են առաջարկելու: Դուք ինքներդ որոշում կայացրե՞լ եք, թե որ պաշտոնում կցանկանայիք Ձեր գործունեությունը ծավալել:
– Ես նախարար չեմ ցանկանում դառնալ: Եթե ցանկանայի, շատ վաղուց կդառնայի: Ինձ համար իմ բիզնեսը շատ ավելի լավ է, քան նախարար դառնալը: Ոչ մի նախարարի աշխատանք էլ շնորհակալ գործ չէ:
Բայց մեր պրակտիկայում շատերը ձգտում են բարձր պաշտոններ զբաղեցնել, որ իրենց բիզնեսներն էլ ավելի զարգացնեն:
Չէ, անկեղծ ասած չեմ ցանկանում: Դրա ժամանակն էլ չունեմ: Ինձ, եթե չխանգարեն իմ բիզնեսում, ես դրանից ավելի մեծ հաճույք կստանամ:
Իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:
Այդ առումով կարող եմ ասել, որ որտեղ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դրեց իր թեկնածությունը, այնտեղ էլ ես եմ դնելու: Դա միանշանակ է:
Թեեւ, կուսակցական չեք, բայց ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու խոսակցություններ են շրջանառվում:
Դեռեւս որեւէ կուսակցության անդամ չեմ ցանկանում դառնալ եւ դեռ ուսումնասիրում եմ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ծրագրերը: Երբ կուսումնասիրեմ կավարտեմ մինչեւ փետրվարի 11-ը, որից հետո մամլո ասուլիս կհրավիրեմ եւ իմ որոշման մասին կբարձրաձայնեմ:
Իսկ այդ երեք կուսակցությունների կողմից իրենց շարքերը համալրելու առաջարկ Ձեզ արվե՞լ է:
Չէ, չէ: Ես քաղաքում չեմ եղել երկար ժամանակ եւ նոր եմ վերադարձել: Դրսի բիզնեսով էի զբաղված: Նույնիսկ Սուրեն Խաչատրյանի գործի հետ կապված չեմ զանգել քննիչին, որ նորություններին տեղեկանամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Հիշեցենք նաեւ, որ դեկտեմբերի 13-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը: ՀՔԾ լրատվական բաժնից հայտնում են, որ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (Ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ տեւական ժամանակ Սուրեն Խաչատրյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջեւ ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին:
Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել եւ կցվել է քրեական գործին: Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի համաձայն՝ Սուրեն Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Սուրեն Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար: Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին: Ի դեպ, սույն գործով հարուցված քրեական գործը կարճելու` Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ Սիլվա Համբարձումյանի առաջին բողոքը մերժվել է: Գլխավոր դատախազը բողոքը վերահասցեագրել է գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազին, վերջինս էլ եզրակացրել է, որ նորմալ քննություն է ընթացել, որոշումը օբյեկտիվ է, իսկ Սիլվա Համբարձումյանի բողոքն անհիմն է: Տուժող կողմը պատրաստվում է նոր բողոք ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ մերժում ստանալու դեպքում դիմելու է Եվրադատարան:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
