Մեհրիբան Ալիեւան Սպիտակ տուն հրավիրվելու համար 500 մլն դոլար արժողությամբ նախագիծ է առաջարկել ԱՄՆ-ին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 19:08
Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային Սպիտակ տուն հրավիրելու համար Ադրբեջանի իշխանությունը Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի հաշվին ԱՄՆ-ին 500 մլն դոլար արժողությամբ նախագիծ է առաջարկել իրագործել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական ՙԹուրան՚-ը` մի քանի օր առաջ: Սակայն Ադրբեջանի պաշտոնական քարոզչական միջոցները հասարակությունից թաքցնում են փողի հետ կապված պահը:
Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը` վկայակոչելով ՙԱզադլըգ՚-ը, խոսքը Ադրբեջանի իշխանության լոբբիստներից Զոհրաբ Սոբհանիի` ամերիկյան ՙThe Hill՚ թերթում հրապարակած հոդվածի մասին է, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջին տիկնանց առաջարկվել է քաղցկեղի դեմ պայքարի խնդրին նվիրված միջազգային գագաթնաժողով անցկացնել:
Այդ գաղափարը մեկնաբանած ամերիկացի փորձագետները ՙԹուրան՚-ին հայտնել են, որ նման միջոցառման անցկացումը ներկայումս իրական չէ, քանի որ ԱՄՆ-ում նախընտրական արշավ է գնում եւ նախագահ Բարաք Օբաման առանձնապես ուշադրություն չի դարձնելու Հեյդար Ալիեւի հիմնադրամի Բաքվի ակցիաներին: Բացի այդ, դժվար թե Վաշինգտոնը ուշադրության դարձնի Մեհրիբան Ալիեւայի խնդրանքին, քանի որ Բաքուն ինքը ուշադրության չի արժանացնում մարդու իրավունքների, ունեցվածքի ազատության ոտնահարման, քաղաքական բանտարկյալների հետ կապված Վաշինգտոնի հորդորները:
Ադրբեջանի պաշտոնական ՙԱզերԹԱջ՚ լրատվական գործակալությունը հունվարի 21-ին թարգմանել եւ հրապարակել է Սոբհանիի` ՙThe Hill՚-ում հրապարակած հոդվածը, որը տպագրել են նաեւ տեղական ԶԼՄ-երը: Սակայն, թարգմանության մեջ բացակայել է Սպիտակ տանը տեղի ունենալիք ՙքաղցկեղի գագաթնաժողովում՚ Միշել Օբամայի եւ Մեհրիբան Ալիեւայի կողմից 5 տարի տեւողությամբ եւ 500 մլն դոլար արժողությամբ հիմնադրամ ստեղծելու եւ նախագիծ իրագործելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին տեղեկությունը: Ավելի ճիշտ, պետական պաշտոնական գործակալությունը ՙ500 մլն դոլար՚-ը ՙկորցրել՚ եւ հայտնել է, թե ՙհնարավոր է` գագանթաժողովում հայտարարություն արվի քաղցկեղի դեմ պայքարի ժամանակակից հիմնադրամ ստեղծվելու մասին՚:
ՙԻնչպես երեւում է` ՙThe Hill՚-ի հոդվածը թարգմանելու ժամանակ ՙԱզերԹԱջ՚-ում հասկացել են, որ ընթերցողների մոտ կարող է հարց ծագել, թե ԱՄՆ-ում բնակվող հեղինակին որտեղից է հայտնի, թե Ադրբեջանի ղեկավարի տիկինը ինչ որ նախագծի համար որքան ֆինանսական միջոց պետք է հատկացնի: Կամ էլ հասարակության մեջ կարող է կարծիք շրջանառվել, որ Սպիտակ տնից հրավեր ստանալու համար Ալիեւները պատրաստ են հրաժարվել ժողովրդին պատկանող 500 մլն դոլարից, -հայտնում է ՙԱզադլըգ՚-ը եւ իրեն չվստահող ընթերցողներին առաջարկում համեմատել ՙThe Hill՚-ի եւ ՙԱզերԹԱջ՚-ի հրապարակած հոդվածները:






Facebook
Tweet This
Email This Post
