Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի եւ Ճապոնիայի ԱԳՆ-ների միջեւ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 24, 2012 17:48

 

Հունվարի 23-ին Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար Կազույուկի Համադան, ով, մասնավորապես, նշեց, որ Ճապոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները` կարևորելով տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնումը:

Երկուստեք ընդգծվեց, որ քաղաքական երկխոսությունը շարունակելու, իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու, տնտեսական ու գործարար փոխշահավետ ծրագրեր մշակելու և իրականացնելու ուղղությամբ ջանքերը համադրելով` հնարավոր կլինի նոր որակ հաղորդել կենսագործունեության բոլոր ոլորտներում  Հայաստանի և Ճապոնիայի հարաբերություններին:

ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Մանասարյանը ՀՀ կառավարության անունից երախտագիտություն հայտնեց ճապոնացի իր գործընկերոջը` անկախությունը վերականգնելուց հետո Հայաստանի ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով Ճապոնիայի կառավարության ցուցաբերած անշահախնդիր աջակցության համար: Ճապոնիայի ԱԳ փոխնախարարն իր հերթին անկեղծ շնորհակալություն հայտնեց 2011թ. մարտին Ճապոնիայում տեղի ունեցած արհավիրքներից հետո ՀՀ կառավարության, հայ ժողովրդի կողմից ցուցաբերած աջակցության, անկեղծ կարեկցանքի և ֆինանսական օգնության համար:

Նույն օրը Ճապոնիայի ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ճապոնական քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից այն վարում էր ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսկ ճապոնական կողմից՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Տոյոհիսու Կոզուկին: Օրակարգում էին հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունները խորացնելուն, քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցությունը բազմազանեցնելուն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային զարգացումների և միջազգային ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Ճապոնիայի ԱԳՆ-ի հետ բանակցությունները շարունակվեցին նաև մյուս օրը` հունվարի 24-ին, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք միջոցառումների ծրագրի շուրջ: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին ընդունեց Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Սեյշիրո Էտոն, ինչպես նաև տեղի ունեցավ հանդիպում Ճապոնիայի օրենսդիր մարմնի շրջանակներում նորաստեղծ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամների հետ:

 

 

 

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply